Լկտի նկարն անցնում է չափերը. Տիգրան Ուրիխանյանը՝ իրեն վիրավորած բլոգերին դատի տալու մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դատի է տվել Demotivator.am կայքի սեփականատեր, բլոգեր Էդգար Բարսեղյանին՝ իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար:
Բլոգերն իր կայքում ծաղրանկարի տեսքով Տիգրան Ուրիխանյանին ներկայացրել է որպես «տարվա ոճային քաղաքական գործիչ», ինչն Ուրիխանյանը անձնական վիրավորանք է համարում:
«Ես չեմ ճանաչում այդ բլոգերին, գիտեմ, որ ինչ-որ կիսահայտնի կայքում հայտնվել է լկտի նկար, որն անցնում է չափերը, սահմանները: Կողմ լինելով, նույնիսկ ոգևորվելով և, բնականաբար, հանդուրժելով, նույնիսկ գոհունակությամբ վերաբերվելով բոլոր տեսակի քննադատություններին, ես շատ վատ եմ վերաբերվում վիրավորանքներին, հատկապես անձնական վիրավորանքներին, և այն ինչ կատարվել է, անձնական վիրավորանք է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչպես տեղեկացանք բլոգերի Facebook-յան էջից, հայցի բովանդակությունը հետևյալն է.
«Հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել Տ.Ու.-ից և որպես փոխհատուցում 1.000.000 դրամ բռնագանձել (+500.000 իր կողմից վարձած փաստաբանի վճարը, +30.000 դրամ տուրք) հօգուտ հայցվորի։ Այդ պահանջների հետ մեկտեղ խնդրվում է քննել նաև Demotivator.am և Blognews.am կայքերից և սոց. ցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջը և պարտավորեցնել պատասխանողին հեռացնել նշված նյութերը»:
Էդգար բարսեղյանը նաև գրել էր, որ այսօր տեղի է ունեցել դատական առաջին նիստը, որին Ուրիխանյանը չէր ներկայացել, իսկ հաջորդ նիստը կկայանա հունվարի 14-ին:
Հարցին, թե ինչո՞ւ է բացակայել նիստից, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պետք է ես ներկայանամ, հարկ չեմ համարել, չեմ ներկայացել»:
Վերջինս նաև հավելեց, որ ինքն ընկերություն և մտերմություն է անում այդ մարդկանց հետ (նկատի ունի բլոգերների, խմբագիրների, լրագրողների), բայց եթե վիրավորում են, ապա արդեն խոսք լինել չի կարող:










