ՀՀ քաղաքացիները ՌԴ-Վրաստան սահմանագծի մոտ մնացել են արգելափակման մեջ

21:05 • 25.12.12

Ռուսաստանի դաշնության և Վրաստանի հանրապետության սահմանային գոտում (Լարս) եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է դեպի Հայաստան ճանապարհը և մի շարք ՀՀ քաղաքացիներ մնացել են արգելափակման մեջ։ Այս մասին նշվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում, սակայն քաղաքացիների քանակի տեղեկություն չի հաղորդվում։ Ըստ այդմ՝ արգելափակման մասին տեղեկությունը ստացվել է այսօր, ժամը 18.20-ին։ Այնուհետև կապ է հաստատվել Վրաստանում ՀՀ դեսպանատան անվտանգության աշխատակից Տ. Թումանյանի հետ, ով հաղորդել է, որ Վրաստանի հանրապետության ճանապարհային դեպարտամենտի պատասխանատու աշխատակցի հավաստմամբ վաղը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում կսկսվեն ավտոճանապարհի մաքրման և մշակման աշխատանքները և կուտակված տրանսպորտային միջոցները կշարունակեն իրենց ընթացքը:


18.40-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ տարածքում արգելափակման մեջ մնացած ՀՀ քաղաքացիները կարիք ունեն տաք հագուստի և սննդի: 18.43-ին կապ է հաստատվել ՌԴ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի միջազգային փոխհամագործակցության մասնագետ լեյտենանտ Վոնյուգովի հետ, ով հավաստիացրել է, որ տվյալ տարածքում արգելափակման մեջ հայտնված քաղաքացիների համար ստեղծվել է ճամբար, որտեղ ստեղծվել են տաք սննդի ընդունման և հանգստի ժամանակավոր կետեր:


Ժամը 19.00-ին կապ է հաստատվել Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների վարչության օպերատիվ հերթապահ մայոր Չեգաև Յու. Գ.-ի հետ, ով հաստատել է, որ քաղաքացիները ապահովված են կենսաապահովման անհրաժեշտ միջոցներով: