Հռոմի պապը Սուրբ Ծննդի կապակցությամբ հայտնել է Փրկչի գալստյան մասին
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Սբ Պետրոսի տաճարում դեկտեմբերի 25-ի գիշերը Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցել և իր աշխատանքային գրասենյակի պատուհանագոգին վառել ավանդական «խաղաղության մոմը», հայտնում է Взгляд-ը։
Տաճարում պատարագը սկսվել է կարդինալների և եպիսկոպոսների երթից, ինչն ուղեկցվել է հոգևոր երգեցողությամբ։
85-ամյա Բենեդիկտոս 16-րդը, կրելով 12-րդ դարի պոնտիֆիկոսներին հատուկ հանդերձանք, հանդիսավոր կերպով հավաքվածներին հայտարարել է Փրկչի գալստյան մասին։
«Մենք այնքան ենք տարված ինքներս մեզանով, որ տեղ չենք թողել Աստծո, երեխաների, աղքատների և գաղթականների համար»,-ասել է Հռոմի պապը։
Պոնտիֆիկոսն անդրադարձել է նաև ներկայիս ամենահրատապ քաղաքական թեմաներին՝ աղոթելով, որ հրեաներն ու պաղեստինցիները կարողանան խաղաղության մեջ ապրել և որպեսզի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում խաղաղություն հաստատվի։
Հռոմի պապը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքի բոլոր հակամարտող երկրներում բնակվող քրիստոնյաները կկարողանան պահպանել իրենց տները և փոխհամաձայնության մեջ ապրել մուսուլմանների հետ։










