«Ընկեր Լիլիթը կառատեի փետով խփել ա գլխիս», պատմել է գիշերօթիկից փախած երեխան

18:54 • 25.12.12

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում հայտնաբերել է Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից մեկ շաբաթ առաջ փախած 9 –ամյա Տ. Պ–ին, ով պատմել է, որ գիշերօթիկի աշխատակիցներից մեկը փայտով հարվածել է նրան, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ կայքը:


«Ընկեր Լիլիթը կառատեի փետով խփել ա գլխիս, ու ինքը ինձ միշտ ծեծում ա … դրա համար էլ փախել եմ», երեխան պատմել է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին։


Երեխային տեղափոխել են Հայ օգնության Ֆոնդի (ՀՕՖ) երեխաների աջակցության կենտրոն, որտեղից ավելի ուշ նրան վերցրել են հարազատները՝ մորեղբայրն ու երեխան խնամակալ հանդիսացող պապը՝ խոստանալով, որ տանից կվերցնեն փաստաթղթեր և հագուստ և մյուս օրն առավոտյան կվերադառնան:


Սակայն երկու օր շարունակ երեխայի հարազատները տարբեր պատճառաբանություններով խուսափել են երեխայի գտնվելու վերաբերյալ տեղեկություններ հայտնելուց:


Դեկտեմբերի 21-ին ՄԻՊ աշխատակազմը նորից ահազանգ է ստացել, որ երեխան նորից փողոցում է: Ոստիկանության միջամտությամբ 9–ամյա փոքրիկին գիշերը 1-ի սահմաններում գտել են Այգեստան թաղամասում:


Երեխան տեղափոխվել է Ոստիկանության բաժին, այնտեղից էլ՝ ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն, որտեղ նրա հետ աշխատում են համապատասխան մասնագետներ:



ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը, այս հարցով ցուցաբերում է անգործություն:


Նշենք, որ այս մարմինը կոչված է իրականացնելու երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանություն` երեխայի իրավունքների և շահերի խախտման, երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, կրթության տալու պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, կամ երեխայի դաստիարակությունից, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու, կամ ծնողական իրավունքների չարաշահման դեպքերում։