Դաշնակցականներն այսօր մեկ հարց են քննարկելու
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության գերագույն ժողովի նիստը կկայանա այսօր՝ ժամը 13։00-ին, որի ժամանակ դաշնակցականները քննարկելու են միայն մեկ հարց՝ 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին իրենց մասնակցության հարցը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ի դեպ, նշենք, որ լրատվամիջոցները նիստին չեն մասնակցելու։
Նշենք, որ նախագահական ընտրությունների համար «Դաշնակցությունը» մշակել է 7 կետից բաղկացած բարեփոխումների պլատֆորմ, որի շուրջ համախմբվող քաղաքական ուժերը միասնական թեկնածու ունենալու դեպքում պետք է կյանքի կոչեին այն:
Հիշեցնենք, որ Արմեն Ռուստամյանն ասել էր, որ ՀՅԴ բանակցությունների երկրորդ փուլն այս շաբաթ, անպայման, ավարտին կհասցվի. «Որպեսզի վերջնականապես արձանագրենք` հնարավո՞ր է միացյալ ինչ-որ խնդիր լուծել»,- ասաց նա:
ՀՅԴ պատգամավորը նշել էր, որ եթե անգամ միացյալ թեկնածուի չհասնեն, գոնե այն օրակարգը, որ ՀՅԴ-ն հրապարակել էր, հիմք կհանդիսանա համախմբելու մի զանգվածի:










