Հրանտ Բագրատյանը պետք է սպասեր Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը. Լյուդմիլա Սարգսյան
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու թեմային, անձնական տեսակետ հայտնեց, որ այդ որոշմանը նպաստեց նաև նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին ՀԱԿ անդամ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, քանի որ, ըստ նրա, Հրանտ Բագրատյանը պետք է սպասեր Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը։ Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը չպաշտպանի Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, վերջինս նշեց, որ դեռ ոչ մի հարց չի քննարկվել:
- Տիկին Սարգսյան, Դուք ևս այն քաղաքական գործիչներից էիք, որ դեռս երկու օր առաջ համոզմունք էիք հայտնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա չառաջադրվելու որոշումը:
- Ըմբռնումով և մեծ հարգանքով եմ վերաբերում Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը, ցավում եմ, որ առաջադրման նախադրյալներ չկային: Ավելին՝ շատ քիչ էր հնարավորությունը առաջադրվելու և ակնկալելու, որ արդար պայքար տեղի կունենա,առավել ևս զարգացումները, որոնք այսօր տեղի են ունենում քաղաքական դաշտում, նպաստավոր չէին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը: Բայց մենք ակնկալում էինք, որ միգուցե ինքը կգտնի ձևը, որի միջոցով մենք կկարողանանք ակտիվ պայքարի մեջ մտնել և ձեռնոց նետել գործող վարչախմբին: Բայց, հավանաբար, այդ ձևը չկար:
-Տիկին Սարգսյան, բայց իր հարցազրույցում «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան իր չառաջադրման համար այլ մոտիվացիաներ էր բերել՝ ասելով «Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին», ապա ավելացրել, որ «քաոսից ազատվելու և երկիրը կառավարելի դարձնելու պահանջարկ այս պահին չկա, և եթե լիներ էլ, դա դեռևս չէր նշանակի, թե այդ պահանջարկի բավարարողն, անպայման, ես էի լինելու»:
- Ինքը կարող է տարբեր մոտիվացիաներ բերել: Ես կարդացել եմ, ես իմ կարծիքն եմ հայտնում, որ, այո, նպաստավոր չէր վիճակը առաջադրման համար:
- Այսինքն՝ որ վարչախումբը կեղծե՞լու էր ընտրությունները և դրանց ելքը կանխորոշվա՞ծ էր:
- Ոչ միայն: Նաև, այո, տեխնիկական պատճառներ, հավանաբար, և հաշվարկային առումով առաջադրման պայմանները նպաստավոր չէին:
-Տիկին Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ երկու օր առաջ հայտարարեց, որ իր որոշմանը սպասենք ևս երկու օր, իրեն հայտնի չէ՞ր իր տարիքի մասին:
-Ես կարծում եմ, որ ինքը սպասում էր ինչ-որ բանի, ավելի ճիշտ՝ վերջնական հաշվարկները դեռ արված չէին, հավանաբար, և, երևի թե, դրան նպաստեց Բագրատյանի առաջադրման փաստը:
- Նպաստե՞ց, թե դրդե՞ց, թե՞ խանգարեց:
- Նպաստեց, որ ինքը չառաջադրվի: «Խանգարել» բառը չեմ ուզում օգտագործել, ես, ամեն դեպքում, երեկ էլ եմ կարծիք հայտնել, այսօր էլ եմ նույն կարծիքին, որ Բագրատյանը պիտի սպասեր Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը:
- Ձեր այս հայտարարությունից կարե՞լի է եզրակացնել, որ ՀԱԿ-ում Հրանտ Բագրաատյանին պաշտպանելու մասին որոշում չի լինի:
- Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մենք դեռ չենք հանդիպել, չենք քննարկել:
- Իսկ ինչպե՞ս է կողմնորոշվելու ՀԱԿ-ը քվեարկության օրը. ու՞մ է սատարելու, ում է կոչ անելու, որ ընտրի իր ընտրազանգվածը:
- Դեռ վաղ է նման հարցերի շուրջ կարծիք արտահայտելը, որովհետև մենք դեռ չենք հավաքվել, մենք դեռ պիտի քննարկենք ստեղծված իրավիճակը և կարծում եմ՝ կունենանք ընդհանուր մոտեցում: Եվ ես հույս ունեմ, որ և՛ թիմը, և ՛ համակիրների լայն շրջանակը ըմբռնումով կվերաբերեն նման որոշմանը, որովհետև անկախ ամեն ինչից Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ ինձ համար կա և շարունակում է մնալ որպես մեծ պետական գործիչ և շատ կարգին մարդ:
-Կարծում եք, որ համակիրները կարդարացնե՞ն իր այդ որոշումը:
- Ես ավելի քան վստահ եմ, որ շոկը, իհարկե, կտևի մի քանի օր և ժողովրդի մեջ հուսահատության աստիճանը անելանելիության մասով կբարձրանա, բայց հույս ունենանք, որ, այո, ինչպես ինքն է ասում՝ կծնվեն նոր լիդերներ և մեր քաղաքական դաշտը չի ամայանա, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելով, իրոք որ, նոր իրավիճակ է ստեղծվում:










