Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարին

15:47 • 25.12.12

Դեկտեմբերի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրությունից։


Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է փոխշահավետ համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ և կարելի է արձանագրել, որ հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա։


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխարտգործնախարար Արաղչին նախարար Նալբանդյանին հանձնել է ԻԻՀ արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի ուղերձը ու հավելել, որ տարին նշանավորվել է բարիդրացիական հարաբերությունների կայուն դինամիկայով և իր այցը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ ամփոփելու 2012թ. տեղի ունեցած զարգացումները և քննարկելու երկու երկրների օրակարգային հարցերը։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացմանը, հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։


Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների և երկխոսության միջոցով։


Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:


Փոխարտգործնախարար Արաղչին իր հերթին ընդգծել է, որ Իրանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: