Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ որակյալ աշխատանքի համար

15:22 • 25.12.12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր նախագահական նստավայրում էր ընդունել ՀՀ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին: Նախագահը շնորհավորելով բոլորի գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը նշեց, շնորհակալություն հայտնեց ներկաներին տարվա ընթացքում և, հատկապես, խորհրդարանական ընտրությունների ժամանակ որակյալ աշխատանքի համար: «Ես չեմ հիշում անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ ընտրություն, երբ մասնակիցների համար լրատվության այդչափ հասանելիություն եղած լիներ, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մի բան էլ եմ արձանագրել: Մեր լրագրողներից շատերն արդեն լրջորեն տիրապետում են քաղաքական գործընթացները լուսաբանելիս սեփական դիրքորոշումները մի կողմ դնելու կարողություններին: Սա արդեն պրոֆեսիոնալիզմ է, որը նկատելի է: Այն ինչին մենք միասին հասել ենք և ինչն այդքան տեսանելիորեն դրսևորվեց նախորդ ընտրությունների ժամանակ, իրոք լուրջ ձեռքբերում էր, որից հետո բաց մենք իրավունք չունենք թույլ տալու»,-ասաց Սերժ Սարգսյանը:


Միաժամանակ նախագահը ընդգծեց, որ խնդիրներ դեռ շատ կան: Նպատակներին հասնելու երկու ամենակարևոր գործոնները, ըստ նախագահի, մի կողմից հասարակական պահանջն է, մյուս կողմից՝ իշխանությունների քաղաքական կամքը: «Այսպիսով` մենք դաշնակիցներ ենք և միասին իրականացնում ենք առաքելություն, որի արդյունքով պայմանավորված է ոչ միայն մեր երկրի ներկան, այլև տեսանելի ապագան: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ զարգանում են տեղեկատվության նոր միջոցները, սոցիալական ցանցերը, որոնք սկսում են մրցել ավանդական մամուլի ու հեռուստատեսության հետ: Միաժամանակ բոլորը գործում են կողք կողքի: Ավել կամ նվազ չափով բոլորն էլ անելիք ու ասելիք ունեն: Մեր պարտքն է աջակցել բոլորին»,-ասաց նա:


Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաև 2013թ.-ին և նշեց, որ այն վճռորոշ է լինելու մեր հասարակության համար: Նա նշեց, որ այն ինչ լուսաբանելու տեսանկյունից ձեռք ենք բերել նախորդ ընտրություններում, փետրվարյան ընտրությունների համար պետք է համարել նվազագույն շեմ: «Ավելին` պետք է անենք, ու խոսքը միայն ընտրություններին չի վերաբերում: Միասին մենք ժամանակակից պետություն, ժամանակակից հասարակություն կառուցելու ճանապարհով ենք գնում: Այստեղ մեծ է լրագրողների դերը, ավելին՝ մեծ է պատասխանատվությունը բոլոր նրանց, ովքեր գրեթե ամենուր շփվում են մարդկանց հետ, ովքեր խոսք են ասում մարդկանց հետ: Իմ կոչն ու հորդորն է՝ չէժանացնել այդ խոսքը, չմոռանալ, որ մենք լուրջ նպատակներ ու հավակնություններ ունենք, և դրանց արտահայտողներն եք նաև դու՛ք , սիրելի՛ լրագրողներ»,- ասաց և խոսքի վերջում մաղթեց, որ լրագրողների բարդ, բայց և հետաքրքիր ու ստեղծագործական աշխատանքը ծառայի մեր ժողովրդի և հասարակության առաջընթացին: