Երևանում բացվել է «Նոր գիրք» գրախանութ

17:03 • 25.12.12

Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է նոր գրախանութ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:


Գրողների միության հարևանությամբ գտնվող գրախանութի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:


Ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի կազմակերպման նպատակով բացված գրախանութում ընթերցողներին հնարավորություն կընձեռվի ժամանակ առ ժամանակ նաև հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ:


Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին աջակցության և մշտական ուշադրության համար:


Ի պատասխան լրագրողների հարցերի, քաղաքապետը նախ ողջունել է Գրողների միության կողմից գրախանութի բացման նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Հայ գրատպության 500-ամյակը նշող երկրի համար նման նախաձեռնությունները խորհրդանշական են ու պատվաբեր:


«Ինչպես գիտեք, մենք այս տարի նաև հռչակվեցինք Գրքի համաշխարհային մայրաքաղաք և այդ առիթով տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին Երևանում»,– ասել է քաղաքապետը:


«Ու բնական է, որ մեր կողմից առանձնակի է կարևորվում նաև գրախանութների դերն ու մայրաքաղաքում դրանց քանակի ավելացումը, ինչն իր հերթին լուրջ խթան կհանդիսանա գրքի և ընթերցանության զարգացման հարցում»,– նշել է նա։


Տարոն Մարգարյանը նաև ասել է, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն անհատներին, ովքեր մայրաքաղաքում գրախանութներ բացելու ցանկություն կունենան։


Երևանի քաղաքապետը շրջել է գրախանութում, ծանոթացել ներկայացված գրականությանն ու դարձել գրախանութի առաջին գնորդներից մեկը: Հինգ երեխաների հայր Տարոն Մարգարյանը նախ և առաջ գնել է հայ մեծանուն գրողների հեքիաթների ժողովածուներ, ինչպես նաև այլ գրականություն: