Կնոջը բեռնախցիկում պահելու համար ռուս տղամարդը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել

15:25 • 25.12.12

Ռուսաստանի Տոմսկի մարզում 3 տարվա ազատազրկման է դատապարտվել մի  ռուս գործարար, ով մեղավոր է ճանաչվել իր կնոջն ապօրինի կերպով փակի տակ պահելու համար։ Մասնավորապես, տղամարդը, վիճելով կնոջ հետ, նրան բռնի կերպով գցել է իր մեքենայի բեռնախցիկի մեջ ու այդպես երթևեկել, հայտնում է Вести-ն։

 

Ինչպես պարզվել է հետաքննության շրջանակներում, 35-ամյա գործարարը 2011թ. նոյեմբերի 17-ին ամուսնալուծության հարցով վիճել է իր կնոջ հետ և իր գրասենյակում ծեծել նրան, բերանը փակել կպչուն ժապավենով, ձեռքերն ու ոտքերը կապել պարանով և գցել իր մեքենայի բեռնախցիկի մեջ։

 

Կնոջն ինչ-որ կերպ հաջողվել է բացել բեռնախցիկի ծածկը, և ամուսինը, դա նկատելով, փորձել է կրկին այն փակել, սակայն ապարդյուն. կինն ամեն կերպ ընդդիմացել է և ամուսինը որոշել է հենց բաց բեռնախցիկով էլ շարունակել ճանապարհը։ Սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ մեքենայի շուրջ հավաքվել են անցորդները՝  փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նրանք փակել են ճանապարհը՝ թույլ չտալով, որպեսզի տղամարդը հեռանա։ Շուտով ժամանել են ոստիկանները և նրան ձերբակալել՝ չմոռանալով նաև բեռնախցիկից հանել կնոջը։

 

Ավելի ուշը տղամարդը հայտնել է, որ ամուսնալուծության պատճառով ինքն իրեն շատ ճնշված է զգացել և չի կարողացել վերահսկել իր գործողությունները։