Սիրիայում գեներալ է դասալքել` միանալով ապստամբներին

21:56 • 25.12.12

Սիրիայի ընդդիմադիրների ներկայացուցիչները հաղորդում են, որ ռազմական ոստիկանության հրամանատար գեներալ-մայոր Աբդուլազիզ Շալալը անցել է ապստամբների կողմը: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով լոնդոնյալ «Աշ-Շարք» ալ-Աուսաթ» պարբերականին:


Նշյալ տեղեկության անկախ հավաստում դեռ չկա:

 

Ապստամբների ևս մեկ ռազմական հաջողության մասին է հաղորդում Associated Press գործակալությունը, որի տեղեկություններով, սիրիական ընդդիմադիր գրոհայինները այսօր առավոտյան կատաղի գրոհով գրավել են Թուրքիայի սահմանին գտնվող Խարեմ քաղաքի միջնադարյան ամրոցը:

 

Ամրոցի պաշարումը, որը այդ քաղաքում կառավարական ուժերի վերջին ամրակետն էր դարձել, մի քանի շաբաթ է շարունակվել:

 

Բանակային ստորաբաժանումները մի քանի անգամ հետ են մղել ապստամբների գրոհները, սակայն վերջին գրոհը կանգնեցնել չի հաջողվել: Երկու կողմերից կրած զոհերի թվի մասին տեղեկություններ դեռ չկան:

 

Իդլիբ նահանգում գտնվող Խարեմ քաղաքը մոտ 20 հազար բնակչություն ունի: Այն գտնվում է Թուրքիայի սահմանի երկայնքով անցնող մայրուղու վրա: