Իսրայելը պաշտպանել է Ասադին` քիմիական զենք կիրառելու մեղադրանքները հերքելով

21:11 • 25.12.12

Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Մոշե Այալոնը հայտարարել է, որ իր երկիրը տվյալներ չունի Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով Reuters-ին:

 

«Մենք լսել ենք ընդդիմության այդ հայտարարությունները: Եվ բազմաթիվ անգամ: Սակայն մենք տեղեկություններ կամ փաստեր չունենք, որոնք կհաստատեն քիմիական զենքի կիրառման լուրերը», - ասել է Այալոնը` ավելացնելով, որ «ընդդիմադիրները, ըստ երևույթին, շահագրգռված են օտարերկրյա ռազմական ներխուժման մեջ»:


Նրա խոսքով, Իսրայելն ամեն դեպքում ուշադրությամբ հետևում է և կշարունակի հետևել հարևան երկրում իրադարձությունների զարգացմանը:


Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Սիրիայի ապստամբները կառավարությանը մեղադրում են 18 անգամ քիմիական զենք կիրառելու մեջ, որը, ընդդիմադիրների պնդմամբ, իրականացվել է երկրի 4 նահանգներում:


Նրանց տվյալներով՝ բանակը «Ագենտ 15» գազն է կիրառում, որը ժամանակավոր կուրություն, ջղաձգում և թուլություն է առաջ բերում: Ապստամբները նաև պնդում են, որ թունավոր գազերից արդեն մահացել է 7 մարդ:


Նշենք, որ Սիրիայի կառավարությունը կտրականապես հերքում է քիմիական զենքի կիրառման լուրերը՝ պնդելով, որ երբեք այն չի կիրառի սեփական ժողովրդի դեմ:


Հիշեցնենք նաև, որ Դամասկոսում ՌԴ դեսպանատունը ևս հերքել էր քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները: