Երևանի քաղաքապետը 37 մանկավարժի է պարգևատրել

17:58 • 25.12.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամներին և պարգևատրել 37 մանկավարժի։

 

Ըստ քաղաքպետարանի մամուլի ծառայության՝ կրթության ոլորտում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետի Ոսկե մեդալով են պարգևատրվել Երևանի համար 133 դպրոցի դասվար Սոֆիա Ղուկասյանը, համար 42 մանկապարտեզի փոխտնօրեն Ջուլիետա Թահիանոսյանը և 133 դպրոցի պատմության ուսուցիչ Սուսաննա Խալաթյանը։

 

Երևանի քաղաքապետը պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել նաև 34 մանկավարժների, ովքեր տարբեր մրցույթներում հաղթանակած աշակերտների ուսուցիչներ են, ընթացիկ տարվա լավագույն ցուցանիշներով մանկապարտեզների դաստիարակներ, օրինակելի դասերի հեղինակներ:

 

Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար։

 

«2012թ-ը հաջողության տարի էր հատկապես կրթական ձեռքբերումների առումով: Մեր երեխաները ձեր բարեխիղճ և անձնվեր աշխատանքի շնորհիվ բարձր պահեցին Երևանի պատիվը միջազգային ամենատարբեր հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում, ինչի համար շնորհակալ ենք թե՛ նրանց և թե՛ ձեզ՝ սիրելի ուսուցիչներ»,– ասել է նա:

 

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս տարի վերջնական լուծում ստացավ ոլորտում առկա ամենակարևոր խնդիրներից մեկը՝ մայրաքաղաքի կրթական հաստատությունների ջեռուցման հարցը։

 

«Մենք այսուհետ ևս անելու ենք ամեն հնարավորը, որ հատկապես կրթության ոլորտում ձեռքբերումները լինեն շարունակական»,– ավելացրել է նա։

 

Հանդիպման ընթացքում մանկավարժներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ոլորտին ուղղված մեծ ուշադրության ու տարիներ տևած մի շարք խնդիրների լուծում տալու, ինչպես նաև իրենց աշխատանքը բարձր գնահատելու համար։