Թբիլիսյան խճուղում վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել, 3–ը վիրավորվել են
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 շենքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ըստ ԱԻՆ կայքի՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 13 ԼՏ 173 պետհամարանիշի և «Վազ-112» մակնիշի Լ1502 պետհամարանիշի «Վեռոնա» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենաները. կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայություների աշխատակիցները:
Պատահարի հետևանքով «Վազ-112»-ի վարորդ` 1964 թ. ծնված Գ. Աբրահամյանը ստացված վնասվածքներից տեղում մահացել է, «Մերսեդես» մակնիշի վարորդ` 1987 թ. ծնված Ս. Մկրտչյանը, ուղևոր` 1991 թ. ծնված Հ. Ալեքյանը տեղափոխվել են Միքայելյանի անվան հիվանդանոց, իսկ ուղևորներից ևս մեկը` 1988 թ. ծնված Տ. Վարդանյանը տեղափոխվել է "Սբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` Տ. Տարդանյանի վիճակը ծանր է (գտնվում է կոմայի մեջ), Ս. Մկրտչյանի վիճակը` միջին ծանրության, Հ. Ալեքյանինը` կայուն-ծանր:










