Ամերիկուհին պատվիրված խաղալիքների փոխարեն ստացել է չինացի քաղբանտարկյալների բողոք-նամակը
Ամերիկուհի Ջուլի Կեյֆը, ով հայտնի համացանցային խանութից խաղալիքներ է պատվիրել Հելոուինի համար, ստացել է «անակնկալ» ծանրոց, հայտնում է newsru.com-ը։
Արկղում եղել է այն, ինչ նա չի պատվիրել և նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել. նամակ չինացի քաղբանտարկյալներից, ովքեր պատրաստում են նրա պատվիրած խաղալիքները։
Պատվիրված ծանրոցը ստանալուց հետո կինը երկար ժամանակ չի բացել այն, իսկ երբ բացել է, նկատել է նամակը։
«Եթե դուք պատահաբար գնել եք այս արտադրանքը, խնդրում ենք, ուղարկեք այս նամակը միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Այստեղ հազարավոր մարդիկ, որոնց հետապնդում է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը, շնորհակալ կլինեն ձեզ»,- գրված է եղել նամակում։
«Մարդիկ այստեղ աշխատում են 15 ժամ՝ առանց հանգստյան օրերի և տոների։ Հակառակ դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի բռնություն, նրանց կծեծեն։ Աշխատանքի դիմաց գրեթե չեն վճարում»,- նշել են հաղորդագրության հեղինակները։
Ամերիկուհին դիմել է իրավապաշտպաններին։
«Մենք չունենք հնարավորություն հաստատելու և ստուգելու նամակի բովանդակությունը։ Ես կարծում եմ՝ արդարացի կլինի ասել, որ նամակում նշված պայմանները համապատասխանում են այն ամենին, ինչ մենք գիտենք, այսպես կոչված, աշխատանքային ճամբարների միջոցով վերադաստիարակման մասին»,- նշել է Human Rights Watch կազմակերպության չինական բաժնի տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը։










