Չինաստանը 2.26 մլրդ դոլար կտրամադրի մշակույթի զարգացման և «Երաժշտական հովտի» ստեղծման համար
Մինչ համաշխարհային հիթ դարձած Gangnam Style-ն ամուր դիրքեր է ապահովել Հարավային Կորեայի համար փոփ երաժշտության համաշխարհային քարտեզի վրա, նրա հարևան Չինաստանը նույնիսկ չի կարողանում ըստ հավուր պատշաճի վարձատրել իր երգիչներին, չունի բավարար թվով երգահաններ, բանաստեղծներ և երաժշտական խմբեր։
Ուստի, իրավիճակը շտկելու համար Չինաստանի իշխանություննները պատրաստվում են 2,26 մլրդ դոլար տրամադրել երկրի մշակութային, մասնավորապես՝ երաժշտական արդյունաբերությունը զարգացնելու նպատակով, գրում է The Guardian-ը։
Պեկինի քաղաքային իշխանությունները նշել են, որ մայրաքաղաքից ոչ հեռու, 10 տարվա ընթացքում կկառուցվի այսպես կոչված «Չինաստանի երաժշտական հովիտ»-ը, որտեղ բացառապես կգտնվեն ձայնագրման ստուդիաներ, երաժշտական դպրոցներ, երաժշտական գործիքների մասնագիտացված խանութներ, 5-աստղանի հյուրանոցներ և, իհարկե, մեծ համերգասրահ, որը կունենա դեղձի ձև։
Իշխանությունները գտնում են, որ կինոյի, երաժշտության և թատրոնի ոլորտներում Չինաստանի դանդաղ առաջընթացն անմիջական կերպով խոչընդոտում է նաև երկրի տնտեսական զարգացմանը։
«Մշակույթն ազգի շարժիչ ուժն է, արյունը։ Այն պետք է լինի առաջնային ազգային խնդիր, և խոստանում եմ միլիարդավոր դոլարներ տրամադրել արվեստի զարգացմանը»,-ասել է Չինաստանի նախագահ Հու Ձինթաոն։










