ԱՄՆ-ում հրշեջներին գնդակահարած անձը մահվանից առաջ նամակ է թողել

00:55 • 26.12.12

ԱՄՆ Նյու-Յորք նահանգի ոստիկանությունը նոր տվյալներ է բացահայտել երկու հրշեջներին սպանած տղամարդու մասին, ով ոճիրը իրականացնելու համար նախ նրանց ծուղակն էր գցել, ապա սպանել, հաղորդում է BBC-ն:


Կրակողը` Ուիլիամ Սպենգլերը, մահվանից առաջ գրություն է թողել, որում հայտարարել էր, թե ցանկանում է իր սիրած գործով զբաղվել` մարդկանց սպանել: Այս մասին հայտնել է Վեբսթեր քաղաքի ոստիկանության ղեկավարը:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպենգլերը լուրջ հոգեկան խնդիրներ ուներ:


Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, Սպենգլերը հրշեջների վրա հարձակվելու ժամանակ իր մոտ 3 միավոր հրազեն ուներ:


Մինչ այժմ հայտնի չէ, թե որտեղ է մարդասպանի քույրը, ով նրա հետ մեկ բնակարանում էր ապրում սկսած այն ժամանակվանից, երբ Սպենգլերը ազատվել էր բանտից 1990-ականներին: Նա դատապարտվել էր իր տատիկին սպանելու համար:


Հիշեցնենք, որ երկուշաբթի 62-ամյա տղամարդը իր տանը հրդեհ էր կազմակերպել և հրշեջ ծառայություն ահազանգել: Երբ նրանք ժամանել էին, Սպենգլերը սկսել էր կրակել նրանց ուղղությամբ: Երկու հրշեջ տեղում մահացել էր ևս երկուսը վիրավոր են և ներկայում հիվանդանոցում են գտնվում: