Ֆրանսիայում կբացվի որմնանկարչության դպրոց

01:19 • 26.12.12

Ֆրանսիական Լիոն քաղաքը կարող է յուրօրինակ սրբավայր դառնալ ուրբանիզմի սիրահարների համար. հայտնի նկարիչ Ժիլբեր Կուդենը հայտարարել է որմնանկարչության սեփական դպրոցը բացելու մասին: Վարպետի աշակերտները կարող են իմանալ բազմահարկ շենքերի պատերը հսկայական կտավներ դարձնելու գաղտնիքները և միաժամանակ կապահովեն իրենց ապագան: Ամբողջ աշխարհում բազմաթիվ քաղաքներ ստիպված են լինում դիմել նման նկարիչներին, որպեսզի հետ չմնան քաղաքային արվեստի նորաձևությունից, տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Եվրոպական քաղաքների փողոցները վերածվում են յուրօրինակ պատկերասրահների` գրավելով ավելի շատ զբոսաշրջիկների և ուրախացնելով տեղի բնակչությանը: Անդեմ պատերը մի քանի օրվա ընթացքում վերածվում են թաղամասի զարդարանքի: Նման նկարչություն գոյություն ուներ նախկինում` մասնավորապես ալպիական փոքրիկ գյուղերում, սակայն վերջին ժամանակներում այն մեծ տարածում է գտել նաև քաղաքներում:


Լիոնի դպրոցի բացվելուց հետո, այս գործընթացը կարող է դառնալ ավելի կենտրոնացված: Լիոնը արդեն մեծ հռչակ է ձեռք բերել ` բազմահարկ շենքերին արված որմնանկարների շնորհիվ և մոտ ժամանակներս կարող է դառնալ եվրոպական որմնանկարչության մայրաքաղաքը:


Ֆրանսիացի նկարիչ Ժիլբեր Կուդենը համարվում է այս ուղղության առաջատար վարպետներից մեկը: Հենց նրա վրձնին են պատկանում են Լիոնի տների պատերը զարդարող 150 նկարները, տեղեկացնում է The Daily Mail-ը:


Ըստ մասնագետի՝ աշխարհում կա քաղաքային տեսարանը փոխելու պահանջարկ, և նման դպրոցը հնարավորություն կտա այն բավարարել: Որմնանկարչության հեղինակության բարձրացումը նա բացատրում է ուրբանիզացիայով և գյուղական գեղեցիկ բնության կարոտով, որն ազդում է նաև քաղաքացիների հոգեբանության վրա: