Իվանիշվիլին այլևս խնդիրներ չի տեսնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի իրականացման հարցում

22:07 • 26.12.12

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախկինում հայտարարում էր, որ տնտեսապես անիմաստ է համարում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը և մտադիր է հրաժարվել այդ նախագծից: Սակայն այսօր Բաքվում նա հայտարարել է, որ հապճեպ հայտարարություն է արել այդ հարցով և իրականում այդ նախագծի հարցում նրա համար որևէ խնդիր չկա, հաղորդում է Грузия Online-ը:


«Ես նախկինում հայտարարում էի, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումից հետո, հնարավոր է, վրացական երկաթգծերով բեռնափոխադրումները կնվազեն: Սակայն դա հապճեպ հայտարարություն էր: Իրականում այդ հարցում խնդիրներ չկան», - հայտարարել է Իվանիշվիլին Բաքվում, Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասի-զադեի հետ հանդիպման ավարտին:

 

Անդրադառնալով Ալիևի հետ հանդիպմանը՝ Իվանիշվիլին ասել է, որ այն շատ ջերմ մթնոլորտում է անցել: «Եվ այդ հանդիպման ժամանակ ես նշել եմ, որ նշյալ հայտարարությունը հապճեպ է արվել, ու այդ հարցում որևէ խնդիր չկա», - ասել է նա:

 

Պատասխանելով գազի սակագների մասին լրագրողի հարցին, վրացական վարչապետը նշել է, որ Ադրբեջանը Վրաստանին շատ մատչելի գնով գազ է մատակարարում: «Ես Ադրբեջանի նախագահին և կառավարության ղեկավարին իմ գոհունակությունն եմ հայտնել Վրաստանի համար նման պայմաններ ստեղծելու համար», - ասել է նա:


Իվանիշվիլին նաև կիսվել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպման տպավորություններից: «Ես տեսա, որ սա իրական պետություն է, որը իր ժողովրդի, իր երկրի համար մեծ աշխատանք է իրականացնում: Ադրբեջանի պետությունը հեռատեսությամբ է վերաբերվում երկրի կառավարմանը: Ադրբեջանի նախագահի և վարչապետի հետ հանդիպելուց հետո ես համոզվեցի, որ մեր երկրների միջև հիանալի հարաբերություններ կան: Եվ եթե մեր մեջ ինչ որ հարցեր ծագեն, ապա մենք դրանք բարեկամական մթնոլորտում կարող ենք հարթել», - նշել է Իվանիշվիլին: