ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը
Դեկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունեցել ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են տեղի և հավատարմագրված արտասահմանյան լրագրողներ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Մամուլի ասուլիսը նվիրված է եղել նախարարի պաշտոնավարման 100 օրվան և 2012 թվականի արդյունքներին:
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը որպես անցնող տարվա կարևորագույն քաղաքական իրադարձություն նշել է հուլիսին կայացած նախագահական ընտրությունները, որոնք, նրա խոսքերով, դարձել են պետականաշինության գործընթացի կարևոր փուլ և հանրապետության հետևողական ժողովրդավարական զարգացման հավաստում, ինչը նշվել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ` նախարարն ափսոսանքով արձանագրել է լուրջ առաջընթացի բացակայությունը, որի գլխավոր պատճառը պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչը գործնականում բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի: Այդ համատեքստում Կարեն Միրզոյանը նշել է դավադիր մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու և հերոսացնելու փաստը:
Նախարարը ղարաբաղյան դիվանագիտության գլխավոր խնդիր է անվանել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով և ԼՂՀ միջազգային ճանաչումը:
Կարեն Միրզոյանը սպառիչ պատասխաններ է տվել լրագրողների տարաբնույթ հարցերին, որոնք, մասնավորպաես, վերաբերել են ղարաբաղյան կարգավորման արդի փուլին և նրա վրա գլոբալ ու տարածաշրջանային հիմնախնդիրների ազդեցությանը, արտերկրում ԼՂՀ ներկայացուցչությունների գործունեությանը, զանազան մարդասիրական հարցերի, որոնք ծագել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով: Կարեն Միրզոյանը նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում առկա բոլոր հարցերը պահանջում են համալիր, փաթեթային լուծում:
Հանդիպման ավարտին ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է ԶԼՄ-ների հետ մշտական համագործակցության կարևորությունը:










