Պետգույքի վարչությունը կպարզաբանի ԱԳՆ շենքը աճուրդով վաճառելու նոր որոշումը
Պետական գույքի կառավարման վարչությունը քիչ հետ հանդես կգա Արտաքին գործերի նախարարության շենքը աճուրդով վաճառելու որոշման վերաբերյալ պարզաբանմամբ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում տեղեկացրել էր, որ ՀՀ պետգույքի կառավարման վարչությունը կառավարության առաջիկա նիստին կներկայացնի արտաքին գործերի նախարարության շենքն աճուրդի հանելու մասին որոշման նախագիծ, այն դեպքում, երբ այն այս տարվա հոկտեմբերի 4-ին մեկ այլ որոշմամբ վաճառվել էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը՝ գին նախկինն է` 52 մլն դոլարով:
Ակնկալվում է, որ պարզաբանման մեջ կհիմնավորվի, թե ինչու է որոշվել իրականացնել աճուրդ, եթե մինչ այդ Կառավարությունը պնդում էր, որ ամենալավ տարբերակը ուղղակի վաճառքն է: Նաև՝ հնարավո՞ր է, որ որոշումը չեղյալ հայտարարվի և հստակեցվի՝ Էռնեկյանը փոշմանե՞լ է և այլևս չի ուզում գնել այդ շենքը:
«Զվարթնոց» օդանավակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանն այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն չուներ և առաջարկեց պարզաբանումների համար դիմել Կառավարությանը:
Մեր տեղեկություններով, սակայն, «Տանգո» ընկերությունը հետ չի կանգնել ԱԳՆ շենքը գնելու իր մտադրությունից:










