«Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ը Մհեր Սեդրակյանի դեմ դիմում-բողոքով դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով
Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովը «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունից դիմում–բողոք է ստացել «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ: Այս մասին տեղեկությունը հաստատեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով. ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամները ԱԺ կանոնակարգով կաշկանդված են դիմումի բովանդակության մասին տեղեկություններ հայտնել:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ քառօրյային, երբ լրագրողը մոտեցել էր Մհեր Սեդրակյանին հարց տալու, վերջինս ասել էր. «Դավա՜յ, դավա՜յ, դավայ։ Յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Կատարածի համար, Մհեր Սեդրակյանը, թերևս լրատվամիջոցների միահամուռ պայքարի արդյունքում, ավելի ուշ տարածած հայտարարությամբ ափսոսանք հայտնեց՝ մասնավորապես նշելով. «Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երևի այլևս կարևոր էլ չէ: Սա թերևս հենց այն դեպքն է, երբ և՛ լրագրողը, և՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես՝ բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»:
Ի պատասխան հարցի, թե ե՞րբ է քննվելու հարցը, որի ընթացքում պարզ կդառնա՝ դիմումն ընդունվո՞ւմ է վարույթ, թե ոչ, Դավիթ Հարությունյանը հիշեցրեց. «Հերթական նիստերը նշանակում է նախագահը»:










