Մոսկվայում վթարի հետևանքով զոհված հայազգի գործարարի ընտանիքը Bentley-ից 60 մլն ռուբլի է պահանջում

13:52 • 26.12.12

Մոսկվայում ավտովթարի հետևանքով զոհված գործարար Ալեքսանդր Անիսոնյանի ընտանիքը դիմել է դատարան՝ Bentley Moscow ներկայացուցչությունից պահանջելով 60 մլն ռուբլու բարոյական վնասի փոխհատուցում՝ անսարք անվտանգության բարձիկների համար, հայտնում է Лента-ն։


Դատական լսումը կկայանա հունվարի 14-ին։


2012թ. փետրվարի 8-ին «ՅՈՒՆԻԹԵՔ Development Projects» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ Անիսոնյանը եղել է Bentley Continental GT ավտոմեքենայի ղեկին, երբ վարորդի նստատեղի կողմից մեքենային է բախվել «ԿամԱԶ» մակնիշի մեքենան։ Bentley-ի կողային բարձիկները չեն աշխատել, որի պատճառով վարորդը ստացել է բազմաթիվ վնասվածքներ և մի քանի ժամ անց մահացել հիվանդանոցում։

 

Դատարանը հաստատել է, որ վթարի մեղավորը «ԿամԱԶ» մեքենայի վարորդն է, ով անցել է կարմիր լույսի տակով, իսկ փորձաքննությունը հաստատել է, որ նման հարվածի դեպքում բարձիկները պետք է աշխատեին։

 

Անիսոնյանի այրու փաստաբանների խոսքով՝ իրենք իրավիճակը նկարագրող և փոխհատուցման չափը քննարկելու առաջարկով նամակ են հղել «Բրուքլանդս» ՓԲԸ-ին (Bentley Moscow-ի իրավաբանական անձ) և Bentley Motors Limited Company ավտոարտադրողին։

 

«Բրուքլանդս»-ից պատասխան չի ստացվել, իսկ ավտոարտադրողը հայտնել է, որ չի կարող անվտանգություն երաշխավորել նման բարձրությունից կողային հարվածի դեպքում։

 

Արտադատական կերպով հարցը պարզաբանելու ոչ մի առաջարկ տուժած կողմի փաստաբանները չեն ստացել։