Եգիպտոսի նախագահը ստորագրել է իսլամիստական նոր Սահմանադրությունը

14:07 • 26.12.12

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին ստորագրել է իր և իր իսլամիստ աջակիցների կողմից մշակված երկրի նոր Սահմանադրությունը, հայտնում է The New York Times-ը` հղում անելով Reuters-ին։

 

Նախագահն այս կապակցությամբ նշել է, որ նոր Սահմանադրությունը կնպաստի քաղաքական դաշտում առկա խառնաշփոթին վերջ տալուն և Եգիպտոսի փխրուն տնտեսությունն ամրապնդելուն։

 

Նոր Սահմանադրությունն ընդունվել է 2 փուլով անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա, որոնք հայտարարվել են երեքշաբթի։ Հայտնի է դարձել, որ հանրաքվեին մասնակցած եգիպտոսցիների 63,8 %-ը կողմ է արտահայտվել երկրի գլխավոր օրենքին։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, իսլամիստների առաջարկած նոր Սահմանադրությունը, որը նախագահին օժտում է մեծ լիազորություններով ու դատական մարմիններին զրկում նրա կայացրած որոշումները վերանայելու իրավունքից, բացասական արձագանքի է արժանացել ընդդիմության և շարքային եգիպտոսցիների կողմից։