Հայաստանի տեղը Եվրոպական Միությունն է. Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցությունը, բացահայտ հայտարարելով իր արևմտյան կողմնորոշման մասին, դրանով բնավ ցույց չի տալիս, որ ստացել է Արևմուտքի «դաբրոն», Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` ավելացնելով, որ Հայաստանի տեղը, ըստ իրենց, Եվրոպական Միությունն է, ինչը չի նշանակում լինել հակառուսական։
«Ամենևին, ոչ, «Ժառանգությունը» խաղում է բաց դաշտում,առանց սեթևեթանքների և թաքուն պահելու Հայաստանի ապագայի վերաբերյալ իր կողմնորոշումը»,- ասաց նա։
Միաժամանակ նա ակնհայտ է համարում, որ Հայաստանը շահելու համար Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությունը չափազանց լուրջ և լուռ պայքարի դաշտ է տեղափոխվել։
«Այս պահին, գուցե, դրսևորումները տեղին չեն, բայց միաժամանակ համառ են երկու կողմից էլ»,- ասաց նա և մատնանշեց այս տարվա երկկողմ՝ Ռուսաստան և ԵՄ տարբեր աստիճանի պաշտոնյաների այցելությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ զորավարժությունները։
«Երկու կողմից էլ դրանց, այսպես ասած, ռանգերը, բովանդակությունը բավական է հասկանալու, որ չեն կարող ասել, որ անտարբեր են Հայաստանի նկատմամբ։ Այնքան շատ են եղել այդ այցերը, որ ինքնին մատնում են, որ երկու կողմերն էլ չեն ուզում չիջել Հայաստանը»,- ասաց նա։
Ստյոպա Սաֆարյանը եզրակացրեց, որ այս առումով մրցակցությունը դաժան է լինելու, իսկ իշխանությունների վիճակը՝ դժվար։ «Քանի որ խուսանավելու դժվար ժամանակ է լինելու, ճնշումներ կլինեն»,- ասաց նա:
«Ժառանգության» նախկին պատգամավորի խոսքով՝ իշխանությունը տպավորություն է ստեղծել, թե բոլոր կողմերից ունի «դաբրո», մինչդեռ, ըստ նրա, նման բան չի կարող լինել։










