Մասիսում բացահայտվել է ապօրինի տոնավաճառ, Երևանում՝ ատամնաբուժարան

16:06 • 26.12.12

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 26-րդ բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մասիս քաղաքում հայտնաբերել են ապօրինի գործող տոնավաճառ, տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 


Ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները` բաժնի աշխատակիցները բացահայտել են, որ Մասիսի բնակիչ Մհեր Ենգիբարյանը Դպրոցականների փողոց 9 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող շուրջ 10.000 քմ մակերեսով տարածքում հարկային դաշտից դուրս ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում:


Պարզվել է, որ Ենգիբարյանն առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի կազմակերպել է առևտրի իրականցման վայրի գործունեություն` վարձակալական հիմունքներով հարկային մարմնում հաշվառված առանձին տնտեսվարող սուբյեկտներին տրամադրելով շուրջ 40 առևտրային տարածքներ:


Ստվերային այս տոնավաճառում իրականացվել են սննդամթերքի, տնտեսական ապրանքների և հագուստի առևտուր, ինչպես նաև հարսանյաց պարագաների վարձակալության և հացաթխման գործունեություն: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ ընթացքում առևտրային գործունեություն իրականացվող սուբյեկտներից Մհեր Ենգիբարյանը որպես վարձավճար ստացել է շուրջ 32 մլն. դրամ համախառն եկամուտ, ընդ որում ոչ մի անգամ չկատարելով պետբյուջեի վճարում և հարկերի հաշվարկ:


Իսկ Օպերատիվ հետախուզական վարչության 9-րդ բաժնի աշխատակիցներն ապօրինի գործող ատամնաբուժարան են հայտնաբերել Երևանում, որտեղ Գուրգեն Սարգիսովը, չունենալով պետական գրանցում, համապատասխան լիցենզիա ևհաշվառված չլինելով հարկային մարմիններում` ատամնաբուժական ծառայություն էր մատուցում Տերյան 57 հասցեում:


Մեկ այլ դեպքով էլ 12-րդ բաժնի աշխատակիցները պարզել են, որ 10 տարի շարունակ առանց համապատասխան լիցենզավորման` ապագա բուժքույրեր, մանկաբարձներ, դիմահարդարներ ու ատամնատեխնիկներ է պատրաստել Օրբելի բժշկական ուսումնարանը:


Ներկայացված բոլոր դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է: