ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել նախագահի 3 թեկնածու

17:38 • 26.12.12

Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր՝ ժամը 17։20-ի դրությամբ, գրանցման համար փաստաթղեր է ներկայացրել նախագահի երեք թեկնածու: Այս մասին Tert.am-ին հայտեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:


Նշված թեկնածուներն են՝ «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և ոմն Մհեր Հայրապետյան: Երեք էլ ինքնաառաջադրված են:


Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանված ս.թ.դեկտեմբերի 25-ից 2013-ի հունվար 4-ն ընկած ժամանակահատվածը, ինչից հետո սկսվելու է գրանցումների փուլը:


ՀՀ նախագահի թեկնածուի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ներառված են նաև վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիրը, ՀՀ նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրի և կենսագրության լրացման ձևաթուղթը և այլն:


Հիշեցնենք, որ 2013-ի նախագահական ընտրությունների արդեն հայտնի, սակայն դեռ չառաջադրված թեկնածուներ են գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազդարար» թերթի խմբագիր Մարտիկ Սարգսյանը, 1990-95թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, և լրագրող Նարինե Մկրտչյանը:

 

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը օրերս հայտնել էր, որ պահանջված տեղեկանքը ստացել են ` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Վարդան Սեդրակյանը և մի կին՝ Զարուհի Հարությունյան անուն ազգանունով: