Հայաստանում, միգուցե, ընտրությունների պահանջարկ չկա. Սուրեն Զոլյան

16:44 • 26.12.12

Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր,( նա իրեն չի համարում նախկին, այլ հարկադիր պարապուրդի մեջ գտնվող) մասնագիտությամբ քաղաքագետ Սուրեն Զոլյանը երկու վարկած ունի առ այն, թե ինչու հայաստանյան առանցքային քաղաքական ուժերն այս անգամ չեն մասնակցում նախագահական ընտրություններին:


«Հեռվից այնպես է երևում, որ հասարակությունն այն աստիճան հասունացել է և հասկացել է այն ճշմարտությունը, որ կարելի է կարդալ ցանկացած քաղաքագիտական դասագրքում. ավտորիտար ռեժիմի դեպքում ընտրություններով իշխանությունը չի փոխվում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Զոլյանն ՝ ի պատասխան հարցի, թե ինչպես պատահեց, որ այս նախագահական ընտրություններում առանցքային քաղաքական ուժերը կամ դրանց «ավանդաբար» մասնակցող կուսակցությունները գերադասում են ընտրություններին միայն հետևել, այլ ոչ մասնակցել:


«Գիտակցելով այս ամենը, հասարակությունը էլ չի ուզում ընտրություններ, նման պահանջարկ չկա: Իսկ եթե ընտրություններին պետք է մասնակցի մեկ թեկնածու, որը պետք է դառնա նախագահ, մնացածները պետք է կատարեն ծաղրածուի դերը՝ ինքնակոչ կամ նշանակված, և եթե այդպես է, ապա կուսակցություններն էլ զգում են հասարակության այս տրամադրությունները և չեն ուզում այդ դերում հանդես գալ»,- մեկնաբանեց Սուրեն Զոլյանը:


Հիշեցնենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության երեկ անցկացված Գերագույն ժողովում որոշվել է առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններին չմասնակցել սեփական թեկնածուով:
 


Հիշեցնենք նաև, որ առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարել են նաև «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը:


Սուրեն Զոլյանի երկրորդ բացատրությունն այն է, որ Հայաստանում, առհասարակ, չկա քաղաքականություն և չկան քաղաքական կուսակցություններ:


«Կան մեկ մարդու կուսակցություններ և էդ մարդը ղեկավարվում է իր ցանկություններով և ոչ թե քաղաքական գործընթացների տրամաբանությամբ: Ինձ համար լրիվ անհասկանալի է, որ կուսակցության առաջնորդն է, որոշում՝ առաջադրվի՞, թե ոչ»,- ասաց քաղաքագետը:


Ըստ նրա՝ քաղաքական կուսակցությունների համար գոյություն ունի այլ տրամաբանություն. եթե առաջնորդը չի մասնակցում քաղաքական գործընթացներին, ապա հրաժարական է տալիս, և կուսակցությունը նոր առաջնորդ է ընտրում, ինչը մեզ մոտ տեղի չի ունեցել:


Ի պատասխան դիտարկմանը, թե Հայաստանում վերջին տասնամյակում միշտ էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը պնդել են, որ ռեժիմը ավտորիտար է, բայց դա նրանց չի խանգարել մասնակցել ընտրություններին, առավել ևս՝ նախագահական, Սուրեն Զոլյանն արձագանքեց՝ ասելով, որ «միգուցե մեր քաղաքական ուժերը զարգացել են այն աստիճան, ինչին որ չեն հասցրել հասնել այլ երկրներում:


«Եվ մեր հասարակությունը «առաջ է անցել» այլ հասարակություններից, որոնք ընտրությունների միջոցով փորձում են փոխել իշխանությանը ավտորիտար ռեժիմի դեպքում»,- ավելացրեց նա:


Ինչ վերաբերում է կուսակցությանը, որը չի մասնակցում ընտրություններին, ապա, ըստ քաղաքագետի, այն պետք է հնարավորինս հիմնավոր պատճառներ ներկայացնի հասարակությանը:


«Ես կհասկանայի, եթե խոսքը լիներ գիտակցված բոյկոտի մասին, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ոչ թե մասնակցում են, այլ բոյկոտում են: Սա նույնպես ակտիվ դիրքորոշում է, եթե այդ մասին հայտարարվում է, իսկ եթե չի հայտարարվում, ապա դա վկայում է այն մասին, որ պարզապես կուսակցության ղեկավարի ցանկությունն է դարձել որոշիչ»,- մեկնաբանեց նա:
Ի տարբերություն, իշխող քաղաքական կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ երկրում առկա է ազատ մրցակցություն, իսկ առնվազն ՀԱԿ առաջնորդի՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը որակում են որպես խուսանավում՝ իրենցից ջախջախիչ պարտություն չկրելու համար:


Սրանք Սուրեն Զոլյանը պարզապես համարում է «հռետորական վարժանքներ» և ավելին՝ ասում, որ հենց այդ տրամադրությունները, որ «իրենցից ջախջախիչ պարտություն են կրելու», վկայում են այն մասին, որ իրականում մրցակցություն գոյություն չունի: