Սիրիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները բանակցելու նպատակով մեկնել են Մոսկվա

17:25 • 26.12.12

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ուղևորվել են Մոսկվա՝ քննարկելու ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի առաջարկած սիրիական հակամարտության խաղաղ լուծման տարբերակը, հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով սիրիական և լիբանանյան աղբյուրներին։

 

Փոխարտգործնախարար Ֆայսալ Մակդադի գլխավորած պատվիրակության անդամները ռուս պաշտոնյաների հետ կքննարկեն այս շաբաթ Դամասկոսում Բրահիմիի հետ ունեցած հանդիպման մանրամասները։

 

Նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը մոտ կանգնած լիբանանցի պաշտոնյան նշել է, որ Բրահիմիի հետ հանդիպումից հետո սիրիացի պաշտոնյաները բավական ոգևորված են։

«Նրանց տրամադրվածությունը փոխվել է և, կարծես, ինչ- որ լավ բան է կատարվում։ Ուստի, բնական է, որ նրանք ցանկանում են հանդիպել իրենց աջակիցների հետ՝ քննարկելու նոր զարգացումները»,-ասել է անանուն աղբյուրը։