Ուֆայի առևտրի կենտրոններից մեկում հավաքարարը ծնունդ է ընդունել
Ռուսաստանի Ուֆա քաղաքի առևտրի կենտրոններից մեկում աշխատող 33-ամյա Գյուլնարա Արսլանովան փրկել է առևտրի կենտրոնում ծննդաբերող կնոջն ու նրա երեխային, տեղեկացնում է Life News-ը։
Դեպքի վայր ժամանած բժիշկները զարմացել են, իմանալով, որ երեխան ծնվել է առևտրի կենտրոնի զուգարանում։
Ականատեսների վկայությամբ՝ կնոջ ցավերն սկսվել են, և նա գնացել է զուգարան, որտեղ էլ նրան նկատել է հավաքարարը։
«Իմ հերթապահության օրերը միշտ «հաջողակ» են։ Սովորաբար, տեղեկացրել են ռումբի մասին, սակայն այս անգամ իսկական հրաշք տեղի ունեցավ. մարդ լույս աշխարհ եկավ»,-տեղեկացրել է Գյուլնարան։
Հավաքարարն ամեն ինչ արել է՝ վարակի վտանգը նվազագույնի հասցնելու համար.կրել է նոր ձեռնոցներ, բերել մաքուր լաթեր։
Նրա խոսքով՝ ծննդաբերությունը հիանալի է անցել, և առողջ երեխա է լույս աշխարհ եկել։
Ծննդկանին երեխայի հետ տեղափոխել են հիվանդանոց։










