ԿԱՀ-ի նախագահը դիմել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օգնությանը՝ ապստամբների դեմ պայքարելու համար
Կենտրոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) նախագահ Ֆրանսուա Բոզիզեն այսօր դիմել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իշխանություններին՝ իր կառավարությանն ապստամբների դեմ պայքարի հարցում օգնելու համար, որոնք մոտեցել են արդեն երկրի մայրաքաղաքին, հայտնում է РИА Новости-ն։
Seleka կոալիցիայի ապստամբները, որոնց նպատակը նախագահին իշխանությունից հեռացնելն է, նախօրեին մոտեցել են ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգիին և պահանջել կառավարական ուժերից վայր դնել զենքը։
«Մենք կոչ ենք անում մեր ֆրանսիացի եղբայրներին և ԱՄՆ-ի իշխանություններին, որպեսզի նրանք, որպես առաջատար համաշխարհային տերություններ, օգնեն մեզ վերադարձնել ապստամբներին իրենց դիրքերը՝ երկխոսությունը վերականգնելու և ճգնաժամային իրավիճակը լուծելու համար»,- հայտարարել է Բոզիզեն՝ ելույթ ունենալով մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաքի ժամանակ։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն հայտնել է, որ ԿԱՀ-ում ֆրանսիական զորակազմը չի խառնվի կոնֆլիկտին և կսահմանափակվի իր քաղաքացիների անվտանգության ապահովմամբ։
Իր հերթին, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը «խորը անհանգստություն» է հայտնել ԿԱՀ-ում իրավիճակի աճող ապակայունացման վերաբերյալ և կոչ արել ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին լքել այդ երկիրը։










