Գործադիրը փոփոխություններ է նախատեսում դատապարտյալների նամակագրության կարգում

11:39 • 27.12.12

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է նախատեսել «Քրեակատարողական օրենսգրքում», համաձայն որի որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին օրենքում նոր՝ 16.1-ը, գլուխն է ավելացվել:

 

Նախ, ներկայացվում է դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը սահմանափակելու մասին միջնորդության ներկայացման և քննարկման կարգը, որով՝ «Քրեակատարողական հիմնարկում անվտանգության ու ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգի պահպանման, հանրության առողջության և բարոյականության, արդարադատության հեղինակության պահպանման, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանության, այդ թվում նաև այլ դատապարտյալի սոցիալական վերականգնմանը խոչընդոտող անմիջական վտանգը կանխելու նպատակներով» ՔԿՀ պետը պատճառաբանված միջնորդություն է ներկայացնում Ընդհանուր իրավասության դատարան` դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը սահմանափակելու, այդ թվում` նամակագրությունը բացելու, դրա բովանդակությանը ծանոթանալու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այն առգրավելու համար թույլտվություն ստանալու նպատակով:

 

Միջնորդության մեջ նշվում են դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակման հիմքերը, ժամկետը, դրան կցվում են այն բոլոր նյութերը, որոնք հիմնավորում են նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը:

 

Միջնորդությունը քննարկվում է դատական նիստում` միջնորդությունը ներկայացրած քրեակատարողական հիմնարկի պետի կամ նրա տեղակալի և դատապարտյալի ու նրա փաստաբանի ներկայությամբ, եթե դատապարտյալն ունի այդպիսին:
Միջնորդության քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակումը թույլատրելու կամ միջնորդությունը մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:


Միջնորդությունը ենթակա է բողոքարկման:


Դատարանի որոշման հիման վրա քրեակատարողական հիմնարկի պետը որոշում է կայացնում դատապարտյալին ուղղված կամ նրա կողմից ուղարկվող նամակագրությունը բացելու մասին:


Դատապարտյալի նամակագրությունը բացվում է քրեակատարողական հիմնարկի պետի կամ նրա տեղակալի կողմից` դատապարտյալի ներկայությամբ, կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են այն կազմած պաշտոնատար անձը և դատապարտյալը: Դատապարտյալի կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրությունում այդ մասին կատարվում է համապատասխան գրառում: Նամակն առգրավելու դեպքում այն կցվում է արձանագրությանը:


Բացման և առգրավման ենթակա չեն միայն արդարադատության նախարարին, դատարանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, ձեռնադրված հոգևորական-խոստովանահորը, քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, պաշտպանին կամ բուժական հաստատությանը ուղղված կամ նրանցից ստացվող դատապարտյալի նամակները:


Կից ներկայացվում է տեղեկանք իրավական ակտի ընդունման անհրաժեշտության մասին: Ըստ որի՝«Օրենսգրքում կատարվելիք լրացումները պայմանավորված են դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակմանն ուղղված ընթացակարգերի սահմանման անհրաժեշտությամբ»: Բանն այն է, որ քրեակատարողական օրենսգրքի 12 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն դատապարտյալն իրավունքի ունի արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում` նամակագրություն վարելու իրավունք, բայց օրենսգրքի մեկ այլ հոդվածի համաձայն՝ նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով և , առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:


Առաջացած հակասությունն այն է, որ սահմանելով դատապարտյալի այս իրավունքը, ՔԿՀ օրենսգիրքը չի նախատեսում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի իրավունքը ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ներքին զննման ենթարկելու դատապարտյալի նամակագրությունը և առգրավելու այն:


«Այսինքն ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը դատապարտյալի խոսքի ազատության և նամակագրության գաղտնիության իրավունքների սահմանափակման ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով ամրագրված հիմքերի առկայության դեպքում հնարավորություն չի տալիս վերահսկելու դատապարտյալի նամակագրությունը»,-նշվում է տեղեկանքում և հավելվում.


«Օրենսդրական այդ թերկարգավորվածությունը պրակտիկայում հանգեցնում է բազմաթիվ դժվարությունների կապված դատապարտյալների կողմից արդարադատության հեղինակության, քրեակատարողական հիմնարկում անվտանգության ու կարգապահության կանոնների պահպանման, հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանության հետ: Դա նպաստում է քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման, արդարադատության վարկաբեկման, այլ դատապարտյալների սոցիալական վերականգման վտանգմանը»,- նշվում է տեղեկանքում։