Ուիթնի Հյուսթոնին իրականում սպանել են 1,5 մլն դոլար պարտքի պատճառով. մասնավոր հետախույզ

12:12 • 27.12.12

Մասնավոր հետախույզ Փոլ Հյուբլը սենսացիոն հայտարարություն է արել, համաձայն որի՝ Ուիթնի Հյուսթոնի մահն իրականում վրա է հասել սպանության հետևանքով, տեղեկացնում է Лента-ն՝ հղում անելով Radar News-ին։

 

Անկախ հետաքննություն անցկացրած Հյուբլի խոսքով՝ տաղանդավոր երգչուհու մահվան ետևում կարող են կանգնած լինել թմրանյութերի վաճառքով զբաղվող ազդեցիկ մարդիկ, որոնց Հյուսթոնը գումար է պարտք եղել։ Հետախույզն իր մոտ հավաքած բոլոր տվյալներն ու ապացույցներն արդեն փոխանցել է Կենտրոնական հետախուզական վարչությանը։

 

Հետաքննության շրջանակներում Հյուբլն օգտագործել է տեղեկություն հաղորդող անձանց լայն շրջանակ, որի մեջ եղել են թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող անձինք։ Մասնավորապես, հետախույզը պարզել է, որ մահվան նախօրեին Հյուսթոնին կոկաին են տվել և դրանից հետո երգչուհին բողոքել է դիլերների կողմից իր հասցեին հնչող սպառնալիքներից, որի պատճառը եղել է 1,5 մլն դոլարի չափով պարտքը։

 

Բացի այդ, Հյուբլը նշում է, որ Հյուսթոնի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները վկայում են, որ նրան ծեծի են ենթարկել։ Իսկ 2 հավանական մարդասպաններին ֆիքսել են հյուրանոցի տեսախցիկները։

 

Հիշեցնենք, որ 49-ամյա Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին, Լոս Անջելեսում։ Նրա դիակը հայտնաբերել են հյուրանոցի համարի լոգարանում։ Փորձաքննությունից պարզ է դարձել, որ մահվան պատճառը կոկաինի օգտագործումն ու սրտի անբավարարությունն են եղել։ Պաշտոնական հետաքննության շրջանակներում մահը որպես սպանություն չի ճանաչվել, և այս տարվա ապրիլին գործը փակվել է։