Ժամերը փոխելու հարցում ՌԴ-ի օրինակին հետևած Հայաստանն այս անգամ այդպես չի անի
«Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի» մասին օրենքում փոփոխությունների համահեղինակ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ժամային փոփոխություններ չանելու հետ կապված բողոքներ և դժգոհություններ չի լսել, և հետևաբար, ՌԴ-ի օրինակին հետևելու՝ այսինքն տարվա մեջ երկու անգամ ժամերը փոխելու խնդիր չի տեսնում:
«Մեզ մոտ այդպիսի պահանջարկ չկա, ինչքան որ խոսել ենք, զրուցել ենք և՛ օրենքն ընդունելուց առաջ, և՛ հետո, բոլոր շատ գոհ են: Եվ փոփոխությունը միտված էր նրան, որ մարդն իր բնականոն ռիթմով ապրի, որը, կարծում եմ՝ բոլորի համար և՛ օգտավետ է, և նորմալ: Իսկ եթե Ռուսաստանում այպիսի մոնիտորինգ է իրականացվել, ուզում են փոփոխել, դա իրենց գործն է»,- ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավորը:
Կարինե Աճեմյանը նաև նշեց, որ «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» 1997 թվականի օրենքն ընդունվել էր էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով: Մի բան, որի կարիքը հիմա չի զգացվում:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը նամակով դիմել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` խնդրելով Ռուսաստանին վերադարձնել ձմեռային ժամանակը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր վարչապետության տարիներին կողմ չի եղել այդ ժամանակ՝ նախագահ Մեդվեդևի նախաձեռնությանը և օրերս իր ասուլիսում մեկ անգամ այդ հարցին անդրադառնալով ասել է.«Երբ Մեդվեդևը ընդունում էր այդ որոշումը, նա ելնում էր մեր քաղաքացիների զգալի մասի տրամադրություններից, ովքեր ասում էին, որ սլաքները հետուառաջ տանելը վատ է ազդում իրենց առողջության վրա, սակայն ստացվեց, որ այս որոշումից դժգոհողների թիվն ավելի շատ է, քան կողմնակիցներինը, կառավարական մարմինները այժմ մոնիտորինգ են անցկացնում, դրա հիման վրա կընդունվի որոշում»,-հայտարարել էր ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում 2011 թվականի մարտին վերջին անգամ անցան ամառային ժամանակին և նոյեմբերին այլևս սլաքները հետ չեն տվել, իսկ Հայաստանում՝ անցած տարվա հոկտեմբերին՝ ձմեռային ժամանակ ամրագրելով ողջ տարվա համար:










