Լեոնարդո դա Վինչին, աթեիստ լինելով հանդերձ, նկարել է ամենաիրական հրեշտակներին. The Guadian

13:17 • 27.12.12

Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչին, ըստ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի մշակութային հոդվածագիր Ջոնաթան Ջոնսի վերլուծության, աթեիստ լինելով հանդերձ, կարողացել է ստեղծել երբևէ պատկերված ամենաճշմարտանման և գեղեցիկ հրեշտակներին։

 

Թեև դա Վինչին չի հավատացել հրեշտակների գոյությանը, սակայն նկարչի կտավներում երկնային էակներն ունեն գերիրական, ազդեցիկ և մի քիչ էլ կախարդական տեսք։ Սա փոքր- ինչ տարօրինակ է թվում դա Վինչիի պարագայում, քանի որ նրա թողած գրառումներից ակնհայտ է դառնում, որ արվեստագետը կրոնական մարդ չի եղել, և որ քրիստոնեությունը չի կազմել նրա անձնական կյանքի և առօրյայի մասը։

 

Ջոնսը նշում է, որ Վերածննդի դարաշրջանում Իտալիայում ոչ մի նկարիչ չէր կարող «կարիերա անել» առանց հոգևոր և եկեղեցական կտավներ ստեղծելու։ Ուստի, շատ կաևոր է հստակ տարբերություններ տեսնել ճշմարիտ  քրիստոնյա  Միքելանջելոյի և դա Վինչիի միջև։ Իմիջիայլոց, վերջինս բազմաթիվ գրավոր ապացույցներ է թողել այն մասին, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է Արքիմեդը, քան սրբերն ու հոգևորականները։

 

«Դա Վինչին իր հերետիկոսությունը թաքցրել է իր իսկ կտավներում, իսկ «Աստվածամայրը ժայռերում» ստեղծագործությունը բացառիկ կտավ է, որին համարժեքը չկա քրիստոնեական արվեստում։ Դրանում Աստվածամայրը երկսեռ է։ Դա Վինչին վերացնում է սեռը ՝ պատկերելով այս ոչ երկրային էակին։ Նկարիչը ստեղծել է գեղեցկություն, որը սեռ չունի. ո՛չ միանշանակ արական է, ո՛չ էլ իգական»,-գտնում է հոդվածագիրը։

 

Իր վաղ շրջանի կտավներից մեկում՝ «Ավետում»-ում, դա Վինչին պատկերել է այնպիսի հզոր հրեշտակային թևեր, որ  տպավորություն է ստեղծվում, թե հեղինակն օգտագործել է կրոնական թեմաներն իր գլխավոր գյուտերից մեկի՝ թռչող սարքի նախնական էսքիզները գործնականում ավելի հստակ պատկերացնելու համար։

«Ավետում»-ում պատկերված հրեշտակը, իրականում, դա Վինչիի կողմից գծագրված թռչող սարքի նախատիպն է»,-եզրափակում է հոդվածագիրը։