2012-ին ՀՀ–ում հեղինակային իրավունքի առումով դրական տեղաշարժ է գրանցվել. ՀԿ

17:42 • 27.12.12

«Հայհեղինակ» հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, այսօր կայացած ասուլիսին ամփոփելով 2012 թվականը, փաստեց, որ Հայաստանում հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության ոլորտում այս տարի դրական փոփոխություններ եղել են, ինչը պետք է շարունակական լինի:


«Վերջապես ուժի մեջ մտավ դրոշմապիտակների մասին օրենքը, և կարծում եմ, որ այս օրենքը դրական ազդեցություն կունենա: Ի վերջո, պետությունը չի կարող անուշադրության մատնել այս ոլորտը»,- ասաց նա:


Ըստ բանախոսի՝ օրենքը ենթադրում է, որ ինչ-որ մեկի մտավոր աշխատանքն օգտագործելու համար տվյալ անձը պետք է թույլտվություն վերցնի իրավատերերից, ստանա տեղեկանք, դիմի հարկային մարմիններին, որպեսզի ստանա դրոշմապիտակներ՝ հետագայում իր արտադրանքը կոմերցիոն նպատակներով տարածելու համար:


Սուսաննա Ներսիսյանը նշեց, որ այն երկրիրը, որտեղ հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության խնդիրները բարձր մակարդակի վրա են, ինքնին տնտեսապես հզոր երկիր է, իսկ եթե այդ ոլորտում խախտումները շատ են, ապա երկրի և՛ վարկանիշն է ցածր, և՛ տնտեսապես հզոր երկիր չի կարող լինել:


«Դրական միտում եմ տեսնում նաև ռեստորանների ոլորտում, չնայած՝ այսօր 80%-ը խախտումներով է աշխատում, բայց շատ հայտնի ռեստորաններ արդեն կնքել են պայմանագիր, որպեսզի օգտագործեն ինչ-որ հեղինակի ստեղծագործությունը»,- ասաց ՀԿ-ի նախագահը՝ հավաստելով, որ եթե ռեստորանում հնչում է երգը, և կան հեղինակներ, որոնց երգերն ամեն ռեստորանում հնչում են, պետք է վճարել հեղինակին: