Տիբեթցի հոգևորականները կզրկվեն հեռուստացույցներից՝ «հակաչինական ալիքներ» չնայելու համար
Չինաստանի իշխանությունների կարգադրությամբ տիբեթական մոտ 300 մենաստաններից առգրավվել են հեռուստացույցները, ապամոնտաժվել արբանյակային սարքավորումները, որոնք թույլ էին տալիս հոգևորականներին «հակաչինական» հեռուստաալիքներ դիտել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
«Թշնամական» արբանյակային ալիքների փոխարեն հոգևորականներին կառաջարկվեն չինական հեռուստահաղորդումներ (թե ինչպես են դրանք ցուցադրվելու, չի հաղորդվում)։ Չինաստանի իշխանությունների կարծիքով՝ նման քայլը կարող է նվազեցնել ինքնահրկիզումների ալիքը. մի պրակտիկա, որով հոգևորականներն իրենց բողոքն են հայտնում Չինաստանի կողմից Տիբեթի գրավմանը։
Միևնույն ժամանակ շրջանում ավելացել է պարեկային ոստիկանների թիվը։ Նաև խիստ վերահսկողության տակ է վերցվել դյուրավառ հեղուկների վաճառքը։
«Մենք պետք է ուժեղացնենք անվտանգության միջոցառումները և լիովին կանխենք ինքնահրկիզումների պրակտիկան»,- գործակալությանն ասել է պաշտոնյաներից մեկը։
Միայն վերջին տարում հրկիզվել է ավելի քան 80 հոգևորական։










