Վահագն Չախալյանը համաներմամբ ազատ կարձակվի. վրացի փաստաբան
Վրաստանի խորհրդարանի կողմից դեկտեմբերի 21-ին ընդունված համաներման մասին օրենքը տարածվում է նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի վրա, և, ըստ այդմ, նա ազատ կարձակվի, երբ օրենքն ուժի մեջ մտնի, այս մասին «Հետքին» հայտնել է Վահագն Չախալյանի փաստաբան Նինո Ադրիաշվիլին:
«Այն հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվել Վահագնի նկատմամբ, ոչ ծանր հանցագործություն է համարվում, և նրան ազատ կարձակեն, երբ նախագահ Սահակաշվիլին ստորագրի համաներման մասին օրենքը: Այնուհետև պետք է հրապարակվի ազատ արձակվողների անունները, իսկ հետագա երկու շաբաթվա ընթացքում Վահագնի գործը կփոխանցվի դատարան, և դատարանն էլ երկու շաբաթվա ընթացքում պետք է ազատ արձակման որոշում կայացնի: Այսինքն՝ դա կտևի մեկ կամ երկու ամիս, և նա ազատության մեջ կլինի»,- մանրամասնել է փաստաբանը։
Կայքը հիշեցնում է, որ դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց համաներման մասին օրենքը: Այն վերաբերելու է անձանց, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2012թ. հոկտեմբերի 2-ը: Համաներումը կվերաբերի մեծ թվով բանտարկյալների, և նախատեսում է պատժի կրճատումը հիմնականում մեկ չորրորդ մասով:
Վահագն Չախալյանը անազատության մեջ է 2008 թվականի հուլիսի 21-ից և արդեն կրել է պատժի մեկ չորրորդից ավելին: Նա Վրաստանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասով` զենք-զինամթերքի ձեռքբերման եւ պահպանման, 226-րդ հոդվածով` հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության, 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով` խուլիգանություն` կատարված իշխանության ներկայացուցչի դեմ: Նրան դատապարտել են 10 տարվա ազատազրկման: Նինո Ադրիաշվիլու խոսքով՝ Վահագնին առաջադրած բոլոր հոդվածների վրա համաներումը տարածվում է:










