«ՎԱԶ 2108»-ը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին շրջվել է. մահացել է 29-ամյա երիտասարդ, կա ևս 2 վիրավոր

21:14 • 27.12.12

Այսօր, ժամը 17.29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ՎԱԶ 2108» մակնիշի 19 ՏՕ 586 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը: Ժամը 18.49-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Իշխան, Հակոբ և Հովհաննես Ալիխանյաններին (52, 24 և 29 տարեկան), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն:

Հովհաննես Ալիխանյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները Իշխան Ալիխանյանի վիճակը գնահատել են ծանր, իսկ Հակոբ Ալիխանյանինը` միջին ծանրության: