ՀՀ ոստիկանությունում անց է կացվել ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու աշխատանքային խորհրդակցություն

14:11 • 27.12.12

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, ադրադառնալով բնակչության ռեգիստրում անճշտությունների վերացման, ընտրացուցակներում թյուրիմացությունները բացառելու խնդրին` Հունան Պողոսյանը կարևորվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայությունների աշխատանքն ու մեծ պատասխանատվությունը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանական վերակարգերի ծառայության խնդիրները:

 

Ընդգծվել է նախընտրական շրջանում և ընտրությունների ընթացքում հասարակական կազմակերպությունների, առաջադրված թեկնածուների, նրանց նախընտրական շտաբների և զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության անհրաժեշտությունը:

 

Աշխատանքային հանդիպման ընթացքում Հունան Պողոսյանն անդրադարձել է օրակարգային մի շարք այլ հարցերի ևս, տրվել են կոնկրետ հանձնարարականներ: