ՀՀ նախագահի ընտրությունները մրցակցային են ի սկզբանե. Արմեն Աշոտյան

09:37 • 28.12.12

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում կատարել է գրառում, որում ասվում է, թե նախագահական ընտրությունները, ի սկզբանե, մրցակցային են, իսկ քաղաքական մրցապայքարի եզրափակիչ փուլին չհասած քաղաքական ուժերը փորձում են ներկայացնել, թե ընտրությունները մրցակցային չեն։ 


Արմեն Աշոտյանի գրառման մեջ ասվում է հետևյալը.

 

«Քաղաքական մրցապայքարի եզրափակչին չհասած քաղաքական շրջանակները փորձում են պիտակավորել գալիք նախագահական ընտրությունները որպես ոչ մրցակցային:

 

Հասարակ մարդկանց վրա այս խորամանկ ներազդեցության մեխանիզմը պարզ է. տեսեք, ժողովուրդ, ում է հաղթելու Սերժ Սարգսյանը. լավագույն դեպքում` Րաֆֆիին և Բագրատյանին: Չկան խորհրդարանական այլ ուժերի ներկայացուցիչներ, ընտրությունների արդյունքը կանխորոշված է և այլն, և այլն:

 

Հիրավի, խորամանկություն և խաբեության փորձ:

 

Բոլորին հայտնի է, որ գալիք նախագահական ընտրությունների փաստացի մեկնարկը տրվել է դեռևս 2012 թվականի հունվարին, երբ ԲՈԼՈՐ քաղաքական հիմնական դերակատարները իրենց գործողությունները պլանավորում ու կառուցում էին բացառապես 2013 ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրությունների տրամաբանությամբ:

 

Նույն, ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, ընտրությունների տրամաբանությամբ է անցել նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

 

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրություններին ընդառաջ են կառուցել իրենց ռազմավարությունները նաև չիշխանական և իշխանական, արդեն խորհրդարանական ուժերը:

 

Հանրահավաքներ, միասնական շտաբ, ՖԲ-ում աննախադեպ քարոզչական «պատերազմներ», քաղաքական բուռն և բազմապիսի կոնսուլտացիաներ, արտահերթ նիստ, բոյկոտ...

 

Այս ամենը քաղաքական մրցակցության արտահայտումներ էին ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ընտրությունների տրամաբանության մեջ:

Եզրակացություն`

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՆ Ի ՍԿԶԲԱՆԵ, ԱՅՆ ԷԼ` ԽԻՍՏ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ:

 

ՈՒՂՂԱԿԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՈՉ ԲՈԼՈՐԸ...»