Հայաստանի համար 2012-ը հաջող էր թե՛ գների, թե՛ ֆինանսների կայունության առումով. ԿԲ նախագահ

19:11 • 28.12.12

Հայաստանի համար տարին հաջող էր թե՛ գների, թե՛ ֆինանսների կայունության առումով: Այսօր Կենտրոնական բանկի 2012թ-ի տարեմուտի ընդունելության ժամանակ անցնող տարին այսպես գնահատեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
2012-ի ձեռքբերումներից կարևորագույնը համարեց մակրոտնտեսական կայունության ապահովումը:


«Հաշվետու տարում արձանագրվել է 3.2% գնաճ: Համատեղ ջանքերով մեզ հաջողվել է գնաճը կայունացնել: 2013թ մենք մուտք ենք գործում տնտեսական բարձր ակտիվությամբ, ցածր և կայուն գնաճային միջավայրով: Գալիք տարում մեր ջանքերը ուղղված են լինելու դրանց շարունակականության ապահովմանը»,-ասաց նա:


ԿԲ նախագահը նշեց, որ 2012թ-ին իրենց ուշադրության կենտրոնում են գտնվել ինչպես կենսաթոշակային բարեփոխումները, այնպես էլ մատչելի հիփոթեքային վարկավորման ծրագրերը:


«Մեկնարկել է նաև Կառավարության հետ համատեղ իրականացված երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտովարկավորման ծրագիրը, որի շրջանակներում արդեն տրամադրվել են առաջին սուբսիդավորված ցածր տոկոսադրույքներով ավտովարկերը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ այս տարի 38 հազ. գյուղացիական տնտեսության տրամադրվել է սուբսիդավորված ցածր տոկոսադրույքներով գյուղվարկեր»,- ասաց նա:


Արթուր Ջավադյանը կանխատեսեց, որ ֆինանսական ակտիվների մեծությունը տարեվերջին կկազմի համախառն ներքին արդյունքի 65%-ը, իսկ վարկերի մեծությունը՝ ՀՆԱ–ի 40%-ը:


ԿԲ նախագահն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի ֆինանսական համակարգի մասնակիցները 2012թ-ը կամփոփեն ֆինանսական դրական արդյունքներով:


«Կենտրոնական բանկը պատասխանատվության բարձր զգացումով ու արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ է մուտք գործում 2013թ»,- ասաց ԿԲ նախագահը: