Սիրիայի իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնել են խաղաղապահների տեղակայմանը. Լախդար Բրահիմի

09:44 • 28.12.12

Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը համաձայն են երկրում խաղաղապահների տեղակայմանը։ Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին։

 

Նա նշել է, որ անհրաժեշտ է շտապ դադարեցնել բռնությունները, ընդգծելով, որ ռեժիմի կողմից հրադադարի պահպանմանը պետք է աչալրջորեն հետևել։ «Դիտորդի գործառույթը կարող է իր վրա խաղաղապահ առաքելության դեր ստանձնել»,-ասել է Բրահիմին։ Նա նաև տեղեկացրել է, որ միջազգային ուժերի տեղակայման հարցում վերջնական պայմանավորվածություն դեռևս չի հաստատվել։

«Բարեբախտաբար, կողմերը համաձայնել են, որ իրենց պետք են այդ ուժերը»,-ասել է Բրահիմին։

 

Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ցանկացած առաքելության մուտքը Սիրիա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատումը։ Իսկ հաստատումը հնարավոր է միայն մի կողմից Չինաստանի և Ռուսաստանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հաստատումից հետո միայն։


ՄԱԿ-ում վերջին շաբաթների ընթացքում քննարկվում է խաղաղարարների առաքելության նախագիծն ու ձևաչափը, այն դեպքում, եթե ԱԽ-ն համապատասխան որոշում ընդունի։


Ենթադրվում է, որ այն բաղկացած կլինի դիտորդական, ռազմական և քաղաքական բաղադրիչներից՝ ընդհանուր թվով 4.000-10.000 մարդ։

Լախդար Բրահիմին շտապել է փարատել Դամասկոսի մտավախությունները, ընդգծելով, որ խաղաղապահ առաքելության գտնվելու ժամկետները հստակ համաձայնեցվելու են։ «Կլինեն երաշխիքներ, որ սա օկուպացիա չէ»,-ասել է դիվանագետը։

 

Խաղաղապահ առաքելության մասնակից երկրների ընտրությունը կատարվելու է Սիրիայի ընդդիմության և իշխանության հետ համաձայնեցված։

Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամի կարգավորման հետագա քայլերին՝ Բրահիմին ընդգծել է, որ բռնության դադարեցումից հետո պետք է ձևավորվի անցումային կառավարություն, որն իշխանության ղեկին կմնա մինչև խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների անցկացումը՝ կախված ղեկավարման այն ձևից, որը կընտրի սիրիացի ժողովուրդը։

«Բոլորը, թե՛ սիրիացիները, թե՛ նրանց օգնողները պետք է համագործակցեն, որպեսզի պահպանեն այդ ինստիտուտները, բարեփոխեն և ամրապնդեն դրանք»,-ասել է նա։

 

Լախդար Բրահիմին հիշեցրել է, որ շաբաթ օրը կմեկնի Մոսկվա, որտեղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Սիրիայում երկխոսություն սկսելու հարցը։

Բրահիմիի խոսքով՝ ինքը նախատեսում է մոտ ապագայում եռակողմ հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ, այնպիսին, ինչպիսին տեղի ունեցավ իր, Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև՝ դեկտեմբերի վերջին։