ԴԱՀԿ. տեսակցություններն այսուհետ կկազմակերպվեն հեքիաթ-տնակում

20:26 • 28.12.12

Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կառուցած Ալիմենտի բռնագանձնման բաժնի վարույթներով և երեխաների տեսակցության կազմակերպման համար նախատեսված շենքի՝ «Հեքիաթային տնակի», բացման արարողությունը:


Ինչպես նշվում է ԴԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, տնակի շահագործման արարողությունը համընկել է Ամանորի հետ. մանուկների համար կազմակերպվել էր ուրախ հանդես՝ երեխաների կողմից այնքան սպասված նվերներով:


Նորակառույց շենքի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրել են օրվա հերոսները՝ երեխաները: ԴԱՀԿ ծառայության շենքի անմիջական հարևանությամբ տնակն ունի շատ գործնական նպատակներ: Այստեղ ԴԱՀԿ-ի օգնությամբ կազմակերպվելու են ամուսնալուծված ծնողների երեխաների տեսակցությունները հարազատների հետ, եթե առկա է տեսակցությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, ԴԱՀԿ-ի հետ առնչվող երեխաներն այսօր 2140-ն են, մինչև այժմ ծառայությունում համապատասխան շենքային պայմանների բացակայության պատճառով տեսակցությունները անց էին կացվում ԴԱՀԿ աշխատասենյակներում: «Նոր պայմանները ստեղծվել են ծառայության արտաբյուջեի հաշվին»,- ասել է Միհրան Պողոսյանը:


ԴԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթում գտնվող ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերի քանակն ավելացել է: Ըստ ԴԱՀԿ ծառայության ներկայացրած տվյալների, 2011 թվականին ծառայությունում ընթացք է տրվել 966 կատարողական վարույթի, որից 892-ն ալիմենտի բռնագանձման, 64-ը երեխաների տեսակցության կազմակերպման և 10-ը երեխաների հանձնման վարույթներ են։ Այս տարվա վիճակագրության համաձայն, 1072 կատարողական վարույթներից 987-ն ալիմենտի բռնագանձման վերաբերյալ են, 75-ը` երեխաների տեսակցության կազմակերպման և 10-ը` երեխաների հանձնման։