Իրաքի մոտ 60.000 սունիներ դուրս են եկել ցույցի՝ ընդդեմ «կառավարության վրա Թեհրանի ազդեցության»
Իրաքյան Էլ-Ֆալուջա քաղաքում՝ մայրաքաղաք Բաղդադից 50 կմ դեպի արևմուտք, բողոքի ցույցի են ելել մոտ 60.000 սունիներ՝ հերթական անգամ փակելով ռազմավարական ավտոճանապարհը, որը երկիրը կապում է Սիրիայի ու Հորդանանի հետ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Բողոքի ցույցի մասնակիցները մեղադրում են Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին «վախկոտության» համար և կոչ անում նրան դադարեցնել «Իրանից խորհուրդներ ընդունել»։ Շատ ցուցարարներ նաև պահանջում են ալ-Մալիքիի հրաժարականը, այրում իրանական դրոշներ և սպառնում զինված ապստամբություն բարձրացնել։
Շաբաթվա ընթացքում արդեն 4-րդ բողոքի ակցիայի պատճառն Իրաքի ֆինանսների նախարարի, ով սունի է, թիկնապահների ձերբակալությունն է։
Պաշտոնական վարկածով՝ անվտանգության ուժերի աշխատակիցները ձերբակալել են նրանց ահաբեկչական գործունեության կասկածանքով։ Իսկ նախարարը հայտարարել է, որ ձերբակալությանը մասնակից է անձամբ վարչապետը, և այդ քայլը, ըստ նրա, կրում է «կրոնական անթաքույց ենթատեքստ»։










