2013թ.-ին Ռուսաստանը կշարունակի ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը. Լավրով

13:00 • 28.12.12

Ռուսաստանը հետաքրքրված է միջազգային օրակարգում առկա հիմնախնդիրների լուծմամբ. «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


Նա նաև անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, նշելով, որ իրենք շարունակելու են ակտիվ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար։

 

«Կարելի է վստահությամբ ենթադրել, որ 2013թ.-ին հակամարտությունների կարգավորումը մնալու է միջազգային հանրության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Մեր ուշադրության կենտրոնում լինելու են Մերձավոր և Միջին Արևելքի, Հարավային Աֆրիկայի, Կորեական թերակղզու, Աֆղանստանի խնդիրները։ Իհարկե, մենք շարունակելու ենք ակտիվ ջանքեր ներդնել ԱՊՀ տարածքում հակամարտությունների՝ նախևառաջ Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման ուղղությամբ»,-ասել է նախարարը։

 

Նա հիշեցրել է, որ 2013թ.-ին Ռուսաստանը կնախագահի «Մեծ քսանյակի» խմբում։ Լավրովի խոսքով՝ այդ մեխանիզմի դերն օբյեկտիվորեն աճում է, և այն պետք է ծառայի ճգնաժամերի կառավարմանն ու  ֆինանսատնտեսական ոլորտում առկա խնդիրների լուծմանը։