Ջենիֆեր Լոպեսը տանուլ է տվել 20 մլն դոլարի գործն ընդդեմ հայազգի վարորդի

11:52 • 28.12.12

ԱՄՆ Լոս Անջելեսի գերագույն դատարանը մերժել է հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հայցն ընդդեմ նրա հայազգի վարորդ Հակոբ Մանուկյանի, հայտնում է global.christianpost.com-ը։ Երգչուհին 20 մլն դոլարի հայց էր ներկայացրել իր հայազգի նախկին վարորդի դեմ՝ իրեն շանտաժի ենթարկելու համար։

 

Մասնավորապես, Լոպեսը 20 մլն դոլար է պահանջել իր նախկին վարորդից, ով, նրա պնդմամբ, փորձել է շանտաժի ենթարկել իրեն՝ սպառնալով 2,8 մլն դոլար չվճարելու դեպքում նրա մասին անձնական տեղեկություններ հրապարակել։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 2011թ. Մանուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լոպեսի, ով առանց որևէ պատճառի նրան հեռացրել է աշխատանքից։ Վարորդը պատմել է, որ Լոպեսի մոտ աշխատել է 2005թ.-ից  ի վեր, սակայն երգչուհու մենեջեր Բենի Մեդինան նրան ստիպել է գործից դուրս գալ և հրապարակայնորեն վիրավորել է։


Բացի այդ, Մանուկյանը նշել է, որ Մեդինան իրեն ծաղրել է հագուկապի և անգլերենի իմացության համար։

Ինչ վերաբերում է Մանուկյանի ներկայացրած հայցին, ապա այն դեռևս ընթացքի մեջ է։