Ոչ սթափ վիճակում գտնվող ոչ մի վարորդ չի ներվելու. զգուշացնում է ՃՈ-ն

13:54 • 28.12.12

Ոչ սթափ վիճակում գտնվող ոչ մի վարորդ չի ներվելու և պատժվելու է օրենքի ողջ խստությամբ: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: «Կազմվելու է արձանագրություն և վարորդը ենթարկվելու է վարչական պատասխանատվության: Արդեն իսկ հայտարարել ենք, որ բարի կամք դրսևորելու դեպքում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների մեքենաները ՃՈ պարեկային ծառայության տեսուչները կտեղափոխեն համապատասխան վայր՝ ըստ վարորդի ցանկության»,- ասաց նա:


Նորիկ Սարգսյանը հիշեցրեց, որ ոչ սթափ վիճակում մեքենայի ղեկին նստելու դեպքում տուգանքը կազմում է 100-150 հազ. դրամ՝ կախված ալկոհոլի օգտագործման աստիճանից: «Նախորդ տարիներին ավելի ներողամիտ ենք եղել, երևի դա էլ պատճառ է եղել, որ զոհեր լինեն: Վարորդները չեն գիտակցել իրենց պատասխանատվության չափը: Այս տարի նման բան չի լինելու»,- ասաց նա:


Միաժամանակ, Նորիկ Սարգսյանը խոստացավ ամեն ինչ անել՝ քաղաքացիներին դժվարություններ չառաջացնելու և տոնական օրերը առանց դժբախտ պատահարների անցկացնելու համար:

 

«Դրա համար մենք օգնության ենք բերել նաև մարզերից ՃՈ 40 ծառայողներ, որոնք դեկտեմբերի 29-31-ը աշխատելու են մեզ հետ, քանի որ մայրաքաղաքում երթևեկությունը գերծանրաբեռբված է: Միայն առաջին սպայական գումարտակի ուժերով հնարավոր չէ անվտանգությունը ապահովել այս օրերին»,- ասաց նա: