2012 թվականը՝ Ոստիկանության համար աննախադեպ տարի է. հայացք ներսից

15:21 • 28.12.12

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, Tert.am–ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին, ասաց, որ 2012 թվականը Ոստիկանության համար աննախադեպ է՝ բարեփոխումների ծավալով ու նորարարությամբ, ինչպես նաև ծրագրերի շարունակականությամբ, որոնց մի մասը կամբողջանա 2013-ին, մյուսներն՝ առաջիկա տարիներին:


«Շատ բան փոխվեց ընդամենը այս մեկ տարում: Եվ սա ոչ միայն ներսից, այլև՝ դրսի հայացքով: Կարծում եմ՝ կառույցի աշխատանքը առաջինը գնահատողը հասարակությունն է: Եվ այսօր ոստիկանության հանդեպ հանրային վերաբերմունքի դրական փոփոխությունը, վստահության որոշակի աճը վկայում են, որ համակարգի բարեփոխման ռազմավարությունը ճիշտ էր»,-ասաց Աշոտ Ահարոնյանը:


Բարեփոխումների տեսանկյունից հիմնական նշանակետ են ընտրվել Ճանապարհային ոստիկանությունը, Անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումները և արտաքին ծառայությունը այն նկատառմամբ, որ սրանք ոլորտներ են, որտեղ ոստիկանն ամեն օր և ուղղակիորեն է առնչվում քաղաքացու հետ:

Աշոտ Ահարոնյանի խոսքով, իհարկե, հասարակության արձագանքը ոստիկանության կերպարի ու աշխատաոճի փոփոխություններին դեռևս միանշանակ չէ, «բայց այն, որ ոչ վաղ անցյալում արտասահմանյան կինո կթվար» արդեն ընկալման տեսանկյունից սովորական է դարձել:


«Սովորական է, երբ սովետական կինոյի կերպար «գայիշնիկին» վարժված մեր աչքը այսօր տրանսպորտային հոսքը կարգավորող ու վերահսկող ՃՈ պարեկի մեքենան է տեսնում, որ նեղվածք ու կիսամութ անձնագրային բաժանմունքներին փոխարինել են ընդարձակ ու լուսավոր սրահները՝ ժպտադեմ աշխատակիցներով, պրոֆեսիոնալ աշխատանքով, ժամանակակից սպասարկմամբ, որ տեղամասային տեսուչին ոչ թե պետք է սպասել, հաճախ՝ երկար ու անպտուղ, այլ ճանաչել համացանցի տեղեկատվության ու շենքերի մուտքերում փակցված պաստառների միջոցով, նաև իմանալ հեռախոսահամարն ու աշխատավայրը»,-ասաց ոստիկանության լրատվության պատասխանատուն:


Աշոտ Ահարոնյանը տարվա ձեռքբերումներից է համարում նաև արագաչափ ու տեսադիտարկման սարքերի տեղադրումը, ուժեղացված ծառայության կազմակերպումը դպրոցամերձ տարածքների վերահսկողությունը, «Հրեշտակների գումարտակի» և համայնքային ոստիկանության կազմավորումը, որի նպատակն էր կոտրել Ոստիկանության՝ փակ համայնքի կարծրատիպը:
Հաջորդ տարի նախատեսվում է վերսկսել «Տեսուչը դպրոցում» ծրագիրը և այն ներդնել նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:

 

Աշոտ Ահարոնյանի տեղեկացմամբ՝ 2012–ին հուշագիր է ստորագրվել Հանրապետության փաստաբանների պալատի հետ, որի նպատակն է նախաքննության փուլում քննչական մարմինների և փաստաբանների համագործակցված աշխատանքը:

 

Տարին աննախադեպ է գնահատվում նաև աշխարհի տարբեր երկրների ոստիկանական կառույցների հետ փոխգործակցության առումով՝ փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում:

 

Նրա խոսքով՝ Ոստիկանությունում հատուկ ուշադրություն են դարձնում տարիների վաղեմություն ունեցող քրեական գործերի բացահայտմանը:


Աշոտ Ահարոնյանը նաև ասաց, որ տարին Ոստկանությոընը եզրափակելու է նոր համազգեստի հայտով, որը շրջանառության մեջ է մտնելու 2013 թվականին: