2012թ-ը կարող ենք հաջողված համարել, թեև ցուցանիշները այնքան էլ բարձր չեն. Սերժ Սարգսյան

18:21 • 28.12.12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Կենտրոնական բանկում կազմակերպված 2012թ տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ նշեց, որ 2012թ-ը կարող ենք գնահատել որպես հաջողված տարի և ավելացրեց, որ միևնույն ժամանակ ցուցանիշներն այնքան էլ բարձր չեն:


«Դուք ինձնից լավ գիտեք, որ բարձր-ցածր, շատ-քիչ, մեծ-փոքր, այդ ամբողջը համեմատության մեջ է գնահատվում, և մեր տնտեսության 7% աճը ես մեծ չեմ համարում, բայց համարում եմ, որ Կառավարությունը իր առջև դրած խնդիրը կատարեց»,- ասաց նախագահը:


Խոսքն ուղղելով ընդունելությանը ներկա ՀՀ-ում գործող բանկերի կառավարիչներին՝ նա նշեց, որ մեր երկրի այս տարվա աշխատանքում նրանք շատ մեծ տեղ ունեն՝ որպես ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ և նրանց աշխատանքի շնորհիվ է նաև, որ ցրվեցին բոլոր հոռետեսների տարեսկզբի ասածները:


«Եթե հիշում եք, բոլորը կանխատեսում էին, որ այս Կառավարությոնն ի վիճակի չէ հավաքել այնքան հարկեր, որքան նախատեսված է բյուջեով, որ դրամը կարժեզրկվի՝ սասրափելի մեծ տեմպերով: Ընդհանրապես, ես կոլապս էի նախատեսում, բայց փառք Աստծո, բախտներս բերեց, այդ բանը չեղավ»,– ասաց նա:


«Ես վստահ եմ, որ ամեն նոր տարում մեր բախտը ավելի շատ է բերելու: Այնպես որ, շատ շնորհակալ եմ Կենտրոնական բանկի ողջ անձնակազմին, բոլոր առևտրային բանկերի և՛ սեփականատերերին, և՛ աշխատող անձնակազմին լավ ցուցանիշներ ունենալու համար»,-ասաց նա:


Սերժ Սարգսյանը, շնորհավորելով բոլոր բանկիրներին, մաղթեց, որ 2012թ-ը իր հետ պատմության գրկում թողնի բոլոր խնդիրները և նշեց, որ անկանում է, որպեսզի բոլոր ընտանիքներում 2013-ին գերակշռի բարին:


«Ինչո՞ւ եմ ասում գերակշռի, որովհետև երբեք չի լինելու որ չար մարդիկ չլինեն, որ մարդկանց մեջ չարությունը ի սպառ վերանա, բայց թե որքանո՞վ կպակասի, դա նաև մեզնից է կախված: Ես չեմ ասում, որ ով վատ բան անում է միայն լավով պատասխանեք, բայց ինքներս վատ գործերի հեղինակներ չդառնանք: Ինքներս չարություն չսերմանենք,– ասաց նա:


Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ 2013-ը եզրափակելու ենք ավելի լավ արդյունքներով: «Շատ կարևոր է, որ մեր երկրում, մեր սահմաններին և տարածաշրջանում խաղաղություն լինի, չափազանց կարևոր է, որ միջազգային տնտեսական մթնոլորտը լինի բարենպաստ»,- նշեց նա և ընդգծեց, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ մեր երկրի զարգացումը պայմանավորված է բոլորի աշխատանքով՝ սկսած քաղաքացուց մինչև նախագահ:
«Որքան շուտ գիտակցենք ու մեր ջանքերը ավելացնենք, այնքան շուտ ենք հասնելու մեր նպատակին: Տարին սկսենք լավ և ավարտենք ավելի լավ»,- ասաց նա: